Ռուբեն Հայրապետյան. «Հարսնաքարի» շուրջ աղմուկը քաղաքական շոու է
21/05/2013 19:50

Ռուբեն Հայրապետյան. «Հարսնաքարի» շուրջ աղմուկը քաղաքական շոու է

Նախաքննության ընթացքում հարցաքննված վկա, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր սեփական նախաձեռնությամբ ներկայացավ դատարան՝ համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով դատական նիստին: Նա պնդեց իր նախաքննական ցուցմունքը, հայտարարեց, որ չի խուսափում դատարան ներկայանալուց ու պատրաստակամություն հայտնեց պատասխանել դատավարության կողմերի հարցերին: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Ռ. Հայրապետյանն հայտնեց, որ միջադեպի մասին իմացել է առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, դեպքի օրը՝ ժամը 23-ի սահմաններում: Ըստ ստացած տեղեկատվության, կռիվ է եղել, որից տուժող մարդ է եղել: Վկան հայտնեց, որ զանգահարել է ամբաստանյալ Նորայր Հայրապետյանին՝ ցանկանալով իմանալ տեղի ունեցածի մասին: Վերջինիս ներկայացնելով, «սենց կռիվ եղավ, երկրապահի անունից էին հանդես գալիս»: Իր այն հարցին, թե «հո մարմնական վնասվածք չեն ստացել», ստացել է պատասխան՝ «չէ, իր ոտքով քայլելով գնաց»: Ռ. Հայրապետյանը հայտնել է, որ հետագայում իմացել է, որ Վահե Ավետյանին վիրահատում են:

Մեղադրող Արթուր Դավթյանի այն հարցին, թե արդյոք դրանից հետո փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել, իրականում շատ է փորձել գոնե իր համար պարզել, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ իր համար կան շատ բաներ, որոնք որ այդպես էլ չի կարողացել հասկանալ: Վկան ընդգծեց, որ փոքրուց ճանաչում է բոլոր ամբաստանյալներին՝ բացի ամբաստանյալ Գարիկ Մարգարյանից, «իրենք այդ մարդիկ չէին, որ կարողանային այդպես ագրեսիվ տենց բան անել: Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է եղել»: Վկան հավելեց՝ Արթուրը («Փաստինֆո». ամբաստանյալ Արթուր Բաբլոյան) «հավի նման մարդ է, միանգամից առյուծ է դարձել»: Վեճի մանրամասների մասին, ըստ վկայի, ինքը չի էլ ցանկացել լսել, միայն վիրավորել, նախատել, վրդովված անպատվել է համալիրի աշխատակիցներին: Նա ընդգծեց, որ ինքը 1900 աշխատակից, և որ ինքը չի կարող պատասխան տալ, թե ինչ են նրանք անում աշխատանքից հետո:

Ըստ վկայի, անհայտ անձինք մասնակից են եղել կռվին, «շատ եմ փնտրել այդ մարդկանց, եթե այդ մարդիկ լինեին, շատ բան կպարզվեր»: Ռ.Հայրապետյանը ափսոսանք հայտնեց, որ դեպքի ժամանակ համալիրի տարածքում չի եղել՝ եթե այնտեղ լիներ, չէին համարձակվի նման բան անել՝ խոսքը նաև տուժողների մասին է: Ռ.Հայրապետյանը նշեց, որ ինքը խիստ բնավորության տեր մարդ է, չի սիրում լկտիություն, ցինիկություն: Ըստ նրա, ոչ մի սեփականատեր չի ուզենա, որ իր տարածքում նման բան տեղի ունենա:

Ռուբեն Հայրապետյանը դժգոհություն հայտնեց, որ իրեն մեղադրել են հանցագործությունների մեջ՝ ստանձնելով քննիչի, դատախազի, դատավորի դերը: «Հարսնաքարի» շուրջ աղմուկը ինչ-ինչ քաղաքական ուժերի կողմից կազմակերպված քաղաքական շոու է: Ռ.Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը գիտե, թե ովքեր են պատվիրել ու վճարել իր տան մոտ միտինգ անելու համար: 

Ռուբեն Հայրապետյան. «Հարսնաքարի» շուրջ աղմուկը քաղաքական շոու է