.jpg)
Իմամ Խոմեյնիի թոռը քննադատել է Ռաֆսանջանիի թեկնածության մերժման փաստը
Հասան Խոմեյնին քննադատել է Հաշեմի Ռաֆսանջանիի՝ նախագահի թեկնածության մերժման փաստը: Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալության իրանական ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի թոռը՝ Հասան Խոմեյնին, նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիին գրած նամակում, քննադատելով Սահամանդրության պահապանների խորհրդի կողմից վերջինիս թեկնածության մերժման փաստը, այն «անհավատալի» լուր է որակել:
Նկատենք, որ նախօրեին Ռաֆսանջանիի հարցով հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին էր դիմել նաև Իմամ Խոմեյնիի դուստրը՝ Զահրա Մոսթաֆավին, ով հոգևոր առաջնորդին կոչ էր արել վերանայել Սահմանադրության պահապանների խորհրդի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, մայիսի 21-ին ԻԻՀ Սահմանադրության պահապանների խորհրդի կայացրած որոշմամբ՝ ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին և գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցը՝ Էսֆանդիար Ռահիմ Մաշային լիազորություն չեն ստացել մասնակցելու նախագահական ընտրապայքարին:
Ի տարբերություն Ռաֆսանջանիի և Մաշայիի՝ Սահմանադրության պահապանների խորհրդի որոշմամբ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար (ԻՀՊԿ) Մոհսեն Ռեզային, Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին և ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի (1997-2005թթ.) առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը արժանացել են Խորհրդի հավանությանը:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանության արժանացած նախագահի թեկնածուների անուններն արդեն ուղարկել է ներքին գործերի նախարարության, և նրանք սահմանված կարգի համաձայն՝ արդեն իրականացնում են իրենց նախընտրական քարոզչությունը: