.jpg)
Ալ. Մանասյան. Արցախյան հարցի լուծման ուղիները տանում են Ստեփանակերտ
«Մեծ փոփոխություն ղարաբաղյան գործընթացում չի լինելու, քանի որ Ադրբեջանը հնարավորություն է ունեցել պաշտպանելու Մադրիդյան սկզբունքները, սակայն Բաքուն չի արել դա և Կազանում տեղի ունեցած հանդիպումը կիսատ թողնելով փախել է»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացում տեղի ունեցող վերջին զարգացումներին ասաց քաղաքագետ, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
Նա նշեց, որ ղարաբաղյան գործընթացում անընդհատ պետք է հնչեցնել, որ այդ հակամարտությունը վերջնական լուծում չի ունենա, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը այս կամ այն առաջարկին:
«Համանախագահողները գտնում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցային գործընթացում ավելի լիարժեք մասնակցություն ունենա: Նրանք համաձայն են, որ ԼՂՀ-ին տրված է վերջին ձայնի իրավունքը»,- նշեց Ա. Մանասյանը:
Նրա խոսքով՝ 2 ճանաչված պետությունների նախագահների միջև բանակցությունները չի կարելի դիտարկել որպես այն հարթակը, որտեղ կարող է լուծում ստանալ այդ հիմնահարցը. ուղիներն ի վերջո տանում են դեպի Ստեփանակերտ:
Ըստ Մանասյանի՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը, հնարավոր է, ներքին լսարանի համար նախատեսված հայտարարություններ անի և ինչ որ քայլեր ձեռնարկի`ընտրություններից առաջ միավորներ շահելու համար:
Իր հերթին, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին և հնարավոր զարգացումներին ասաց, որ 2 պետությունների ստորագրությունը որևէ փաստաթղթի ներքո, որը վերաբերվում է 3-րդ պետությանը`լինի ճանաչված, կամ չճանաչված իրավական առումով առ ոչինչ է:
«Ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև` ցանկացած մակարդակով առ ոչինչ է Լեռնային Ղարաբաղի համար»,- նշեց բանախոսը:
Նրա խոսքով՝ Մադրիդյան սկզբունքերի, որի շուրջ բանակցություններ են ընթանում, որևէ կետ չի համապատասխանում միջազգային նորմատիվային բազային, ինչպես նաև չի համապատասխանում իրական կյանքին:
«Ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղում անորոշ ժամանակ անց անցկացնել նոր հանրաքվե, երբ Լեռնային Ղարաբաղում արդեն 2 անգամ հանրաքվե կայացել է»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Լ. Ալավերդյանը ասաց, որ Մադրիդյան սկզբունքներին հենց առաջին կետում նշվում է այսպես կոչված «օկուպացված տարածքների» մասին, ինչը հայկական քաղաքական մտքի «ճակատի» վրա խառան է լինելու:
«Փառք աստծո, Արցախի ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը չի համաձայնվի այդպիսի ձևակերպումների հետ»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքերով, դա Մադրիդյան սկզբունքներ չեն`այլ երևանյան անսկզբունքայնություն է և այդ փաստաթուղթը պիղծ փաստաթուղթ է: