.jpg)
Տպագիր մամուլի ներկայացուցիչները պահանջում են հարգել հեղինակային իրավունքը
Այսօր առավոտյան մի քանի թերթերի խմբագիրներ հանդես եկան նախաձեռնությամբ, որով փորձում են կարգավորել մամուլից ամբողջական ու մասնակի արտատպումների մեխանիզմները, ինչպես նաև՝ թերթերից մամուլի տեսություն անելու կանոնները:
Խմբագիրները բողոքում են, որ հաճախ թերթերից ամբողջապես արտատպվում են հեղինակային հոդվածներ և հղումը լինում է միայն նյութի վերջում: Բացի այդ ամբողջական նյութի արտատպման դեպքում ընթերցողն այլևս շահագրգռված չի լինում կարդալու հոդվածը սկզբնաղբյուր ԶՄԼ-ի կայքում կամ, առավել ևս, գնելու տպագիր թերթը.
«Մենք գումարներ ենք ծախսում, թերթ տպում ու այդպիսով դրա իմաստը կարծես կորում է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:
«Բանն այն է, որ մենք ուզում ենք պահել մեր ավանդական լրատվամիջոցը` տպագիր թերթը, բայց այս մեխանիզմն ուղղակի խեղդում է այն: Հիմա էլ հեղինակային ու հարակից իրավունքի մասին օրենքում կա կետ, որն արգելում է նյութի ամբողջական արտատպումը: Բայց կա նաև մեկ այլ կետ, որով հղումով արտատպումը թույլատրվում է՝ օրվա լրահոսի հետ կապված նյութերի դեպքում: Հիմա մի շարք անբարեխիղճ լրատվամիջոցներ նյութն անվանում են օրվա լրահոս ու արտատպում են: Այնպես որ, մենք, հավանաբար, կդիմենք նաև ԱԺ, որպեսզի համապատասխան օրենսդրական նորմ սահմանվի»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը անբարեխիղճ արտատպման դեպք հիշելու համար ստիպված չեղավ երկար մտածել: Խմբագիրը նման դեպքի ականատես էր եղել հենց այսօր առավոտյան.
«Առավոտյան միացրեցի համակարգիչս ու տեսա, որ ինչ-որ կայք վերցրել է իմ խմբագրականը: Ընդ որում, նյութի տակ ո՛չ իմ, ո՛չ էլ թերթի անունը նշված չէր»,- ասաց «Հրապարակի» խմբագիրը:
Նույն մտահոգություններն ունի նաև «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն, ով արդեն 10-րդ տարին է՝ իր թերթի երկրորդ էջում տպագրում է հայտարարություն` «Ազգի» նյութերն արտատպելու համար պետք է օրաթերթի խմբագրի գրավոր համաձայնությունը, բայց, չնայած սրան, արտատպումները շարունակվում են, երբեմն անգամ` առանց հղումի:
«Վերջերս արտասահմանյան մի թերթի խմբագիր զանգահարեց ու ասաց, որ ուզում է արտատպել «Ազգի» այսինչ նյութը: Ես, բնականաբար, համաձայնեցի ու ուրախացա: Բայց սկզբում իրավիճակը շոկային էր, որ մարդն այլ երկրից զանգահարել ու արտատպման թույլտվություն է ուզում»,- ասաց Հակոբ Ավետիքյանը:
Հիշեցնենք, որ թերթերի խմբագիրները հայտարարել էին, որ լրատվամիջոցների հետ կաշխատեն պայմանագրային հիմունքներով, որոնք այս պահին մշակման փուլում են: Խմբագիրները կմշակեն նաև պատժիչ մեխանիզմներ այն լրատվամիջոցների համար, որոնք կխախտեն կամ կշրջանցեն պայմանագիրը:
Նախորդող հրապարակում` Խմբագիրները սահմանում են «խաղի կանոնները»