.jpg)
Պատրաստվում ենք լողափնյա շրջանին. Ամեն ինչ արևայրուքի մասին
Շատ վաղուց է հայտնի դարձել, որ արևի ճառագայթները մարդու մաշկի վրա ունեն բացասական ազդեցություն: Հարցը միայն ուշտրամանուշակագույն ճառագայթներին չի վերաբերում, որոնց չարաշահման հետևանքով կարելի է ուռուցքային հիվանդություն ձեռք բերել: Արևի ճառագայթները չորացնում և ծերացնում են մաշկը: Արևի համար նախատեսված նրբաքսուքները մեկ հարվածով երկու դիպուկ նշանակետի են հարվածում` և´ խոնավացնում է մաշկը, և´ պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Սխալ է կարծել, որ արևապաշտպան նրբաքսուքները ծովափի համար է միայն: Ամռանն այգում աշխատելիս, զբոսայգում զբոսնելիս կամ պարզապես փողոցով քայլելիս անհրաժեշտ է պաշտպանել մաշկն արևի վնասակար ազդեցությունից, իսկ տուն վերադառնալիս` օգտագործել խոնավացնող միջոցներ:
Ահա 10 կանոն, որոնց հետևելով դուք կպաշտպանեք մաշկը, կխուսափեք այրվածքներից և կունենաք գեղեցիկ ու հավասար արևայրուք:
1. Արևապաշտպան նրբաքսուք օգտագործելիս մի´ մոռացեք քթի, շուրթերի, ականջների և ոտնաթաթերի մասին, մարմնի հենց այս մասերն են ամենաշատը ենթարկվում արևի ազդեցությանը:
2. Բավարար չէ նրբաքսուքն օգտագործել օրը մեկ անգամ: Այս գործողությունն անհրաժեշտ է կատարել ամեն երկու ժամը մեկ, իսկ եթե լողի սիրահար եք, ապա մի´ մոռացեք նրբաքսուք օգտագործել ջրից դուրս գալուց հետո:
3. Ստվերում նստելը չի դադարեցնում արևի ազդեցությունը: Արևի ճառագայթներն ազդում են նաև հովանոցի տակ: Այնպես որ, հետևեք խորհրդին ու օգտագործեք պաշտպանիչ միջոցներ:
4. Եթե դուք մի քանի օրով ծով եք գնացել կամ պարզապես ազատ օրերին «փախել» եք ամառանոց, հիշե´ք, որ արևի համար միևնույն է, թե քանի օր է տևելու ձեր արձակուրդը: Այդ իսկ պատճառով խղճացեք ձեր ձեզ և ձեր մաշկը մի վերածեք լոլիկի: Առաջին օրը ծովափին կես ժամից ավել մի´ եղեք, երկրորդ օրը` 45 րոպե, իսկ հաջորդ օրերին արևի տակ մնացեք ամենաշատը երկու ժամ:
5. Հիշե´ք «ՉԱՐ ԱՐԵՎԻ» ժամերի մասին: Արևի տակ գտնվելու ամենավատ ժամերը 1200-ից մինչև 1500-ն է: Այս ընթացքում դուրս մի´ եկեք շինությունից: Նշված ժամերին արևը վտանգավոր է ձեր առողջության համար:
6. Դանդաղ գնաս՝ հեռուն կհասնես. որքան դանդաղ և հանգիստ եք ենթարկվում արևայրուքի, այնքան այն երկար է մնում և գեղեցիկ երանգ է ունենում:
7. Ջուրը հայելի է: Սա նշանակում է, որ ջրում մեծ է այրվելու հավանականությունը: Ջրից դուրս մնացած հատվածը շատ ավելի արագ է արևի ճառագայթներին ենթարկվում: Այս պարագայում մաշկի վրա գտնվող ջրի կաթիլները խոշորացուցիչ ապակու պես են գործում և ուժեղացնում են արևի ճառագայթների ազդեցությունը:
8. Եթե ծովափ եք գնալու, անուշահոտություն մի օգտագործեք: Օծանելիքներն իրենց մեջ ունեն բաղադրիչներ, որոնք արևայրուքի ժամանակ մաշկի վրա պիգմենտային կետեր են առաջացնում: Այս հատկությունն ունեն նաև հակաբեղմնավորիչ հաբերը և որոշ դեղամիջոցներ:
9. Եթե դուք արևից պաշտպանվելու համար գլխարկ կամ հագուստ եք ընտրել, հիշե´ք՝ լայն ու ծակոտկեն, ինչպես նաև թաց հագուստային հյուսվածքներն արևից շատ վատ են պաշտպանում:
10. Հեշե´ք, որ ողազգեստի կամ հագուստի տակ գտնվող մաշկը ևս չորանում է: