Կարկուտից տուժած գյուղացիներին տրամադրվել է սերմացու, պարարտանյութ, վառելիք
29/05/2013 20:15

Կարկուտից տուժած գյուղացիներին տրամադրվել է սերմացու, պարարտանյութ, վառելիք

Մայիսի 12-ի կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 87 մլն դրամ արժողությամբ 24028 կգ տարբեր մշակաբույսերի սերմացու, որից 22 000 կգ-ը ներկրվել է ՌԴ-ից` 3795 հեկտար ցանքս կատարելու նպատակով: Նման տվյալներ տրամադրել են գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սերմնացուն անհատույց տրամադրվել է հողօգտագործողներին, ըստ ներկայացված պահանջարկի: Իսկ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը պատրաստել և կարկտահարությունից տուժածներին բաժանել է խորհրդատվական թերթիկներ, հետևյալ բովանդակությամբ.

1. Խաղողի, պտղատու այգիների վերականգնման համար անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումներ
2. Բանջարաբոստանային մշակաբույսերի կրկնացանք
3. Լոլիկի մշակության բնային ցանք:

Հանրապետության փորձառու գիտնականների մասնակցությամբ համայնքներում կազմակերպել են դաշտային սեմինարներ կարկտահարությունից տուժած խաղողի և պտղատու այգիների էտի, ձևավորման, ինչպես նաև անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին:

Արմավիրի մարզին, Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում առաջնահերթության կարգով, հատկացվել է նաև ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի նախատեսված խմբաքանակը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 32 մլն դրամ, որը կտրամադրվի կարկտահարությունից տուժած համայնքների ամենակարիքավոր ընտանիքներին: 

Կարկուտից տուժած գյուղացիներին տրամադրվել է սերմացու, պարարտանյութ, վառելիք