.jpg)
Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է հեղափոխության
Հայտնի հացադուլավոր, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նույնիսկ չի էլ փորձել դիմել Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` արքայազն Չարլզին հանդիպելու նպատակով: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Ա. Ղուկասյանը:
Նշենք, որ այսօր մամուլում հրապարակում կար, ըստ որի, Ղուկասյանը փորձել է դեսպանատան միջոցով հանդիպել արքայազն Չարլզին և լուծել իր կողմից նախատեսված կուսակցություն ստեղծելու ֆինանսական խնդիրները:
Նա հերքեց հրապարակումը` նշելով որ նույնիսկ հանդիպելու ցանկություն չի ունեցել, քանի որ, ինչպես ինքն ասաց, «զբաղված է եղել ուրիշ` ավելի կարևոր բաներով»:
Հարցին, թե ո՞րն է իր «կարևոր զբաղմունքը» Ա. Ղուկասյանը նշեց, որ պատրաստվում է հեղափոխության:
«Հայաստանում պետք է տեղի ունենա հեղափոխություն, և յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է զբաղվի այդ հարցով, և ես իմ պարտքն եմ համարում անել այն, ինչ ինձանից կախված է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը և հավելեց, թե շարժման հանդիպումները չեն մտնում իր քաղաքական օրակարգի մեջ:
Ինչ վերաբերում է իր կողմից նախատեսված կուսակցության ստեղծմանը, նախկին թեկնածուն չցանկացավ մանրամասնել` պատճառաբանելով, թե հետագայում կասի: