Իրանը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ առաջարկություններ է արել
29/05/2013 21:49

Իրանը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ առաջարկություններ է արել

Իրանը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել: Այս մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ այսօր Թեհրանում ավելի քան 40 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ Սիրիայի հարցով տեղի ունեցած համաժողովի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին առաջարկել է խորհրդաժողովի մասնակիցների համաձայնությամբ ձևավորել աշխատանքային խումբ, որը Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների հետ շփումներ կհաստատի:

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ առանց Սիրիայի հակամարտող կողմերի վճառականության, հնարավոր չէ ակնկալել, թե պայթյունները, անմեղ մարդկանց սպանությունները կամ ծայրահեղական խմբերի գործունեությունը կնվազեն:

«Իրանը քննադատում է որոշ երկրների կողմից զինված խմբերին ցուցաբերվող ֆինանսական ու ռազմական աջակցությունը, էթնիկական ու կրոնական խռովություններ առաջացնելը: Այն ուժերը, որոնք կողմ են ժողովրդավարությանը և Սիրիայի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հավակնություն ունեն, ավելի լավ է այնպիսի պայմաններ ստեղծեն, որպեսզի Սիրիայի ժողովուրդը ժողովրդավարական գործընթացների միջոցով, ազատ ընտրություններ անցկացնելով, որոշի իր ապագան»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:

Դատապարտելով վերջերս Իսրայելի կողմից Սիրիայի դեմ իրականացված հարձակումը և մերժելով Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում արտաքին ռազմական որևէ միջամտություն՝ Իրանի ԱԳ նախարարը ողջունել է ժնևյան բանակցությունները և սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը: 

Իրանը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ առաջարկություններ է արել