Գործարարները հետ են պահանջում թագավորին նվիրած 27մլն դոլարանոց զբոսանավը
29/05/2013 20:37

Գործարարները հետ են պահանջում թագավորին նվիրած 27մլն դոլարանոց զբոսանավը

Ողջ աշխարհում ճգնաժամի պայմաններում յուրաքանչյուր մարդ ինչ-որ զոհողության է գնում: Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը ևս ցանկանում է որոշակի ներդում ունենալ ճգնաժամի հաղթահարման գործում:

The New York Times-ի հաղորդմամբ՝ վերջերս թագավորական պալատը հայտարարեց, որ «խնայողական պատճառներից» ելնելով, թագավորը պատրաստ է կառավարությանը հանձնել իր 27 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը:

Սակայն, պարզվեց, թագավորի ցանկությունն իրականացնելն այդքան էլ հեշտ չէ:

Զբոսանավի համար պայքար սկսվեց, երբ գործարարները, ովքեր վճարել էին դրա համար, հայտարարեցին, որ եթե Խուան Կառլոսին այլևս պետք չէ զբոսանավ, ապա իրենք հետ են պահանջում այն:

Իսպանիայի թագավորական ունեցվածքի կառավարման ղեկավարներին հղած նամակով գործարարներն ընդգծում են, որ նվերն արվել է պայմանով, որ այն օգտագործվելու է թագավորի և նրա ընտանիքի անդամների կողմից:

35 տոննա կշռող Fortuna զբոսավանը գտնվում է Մայորկա կղզում, որտեղ թագավորական ընտանիքը պալատ ունի և անցկացնում է ամառային արձակուրդները:

Զբոսանավի գնման համար ներդրում արած գործարարները հյուրանոցների, բանկերի, տուրիստական կազմակերպությունների ղեկավարներ են, ովքեր կապեր ունեն Մայորկայի հետ:

Գործարարները զբոսանավը նվիրելով՝ իրենց շնորհակալությունն էին արտահայտել թագավորին՝ Մայորկային օգնելու համար:
Այժմ էլ թագավորական ունեցվածքի կառավարման ներկայացուցիչներն ասում են, որ զբոսանավի ապագան չի կարող պալատը որոշել:

Նշվում է, որ զբոսանավի վառելիքի տարաները լցնելու վրա միայն ծախսվում է 30 000 դոլար: Թե ինչպիսին կլինի զբոսանավի ապագան՝ դեռ հայտնի չէ: 

Գործարարները հետ են պահանջում թագավորին նվիրած 27մլն դոլարանոց զբոսանավը