ՀԱՊԿ. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ՄԽ համանախագահների միջնորդությամբ
29/05/2013 16:17

ՀԱՊԿ. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ՄԽ համանախագահների միջնորդությամբ

Երեկ` մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որն անդրադարձ է պարունակում նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«ՀԱՊԿ անդամ երկրները, վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի` բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարևորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»:

Ադրբեջանը վերջին շրջանում առաջ է քաշել Խաղաղության մեծ համաձայնագրի մշակման գաղափարը՝ որոշակիորեն «հետին պլան մղելով» Մադրիդյան հիմնարար սկզբունքները: Հայկական կողմը պնդում է, որ հարկավոր է նախ համաձայնության գալ մադրիդյան հիմնարար սկզբունքների շուրջ, հետո միայն անցում կատարել ավելի բարդ և ընդգրկուն փուլի, ինչպիսին է Խաղաղության մեծ համաձայնագիրը: Այդ համաձայնագրի մշակումը, որպես ավելի լայն ու ընդհանուր խնդիրներ շոշափող գործընթաց, թերևս փոխզիջումների ավելի մեծ պատրաստակամություն է ենթադրում, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով Մադրիդյան սկզբունքերի շուրջ ընթացող բանակցությունների արդյունավետությունը:

Ուշագրավ է, որ ՀԱՊԿ շրջանակներում ընդունված հայտարարության տակ ստորագրել են նաև «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության շրջանակներում շատ հաճախ Ադրբեջանին աջակցող երկրներ, ինչպիսիք են Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը:
 

ՀԱՊԿ. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ՄԽ համանախագահների միջնորդությամբ