.jpg)
Անրին ուզում է, որ «Արսենալը» կրկին պայքարի չեմպիոնության համար
«Արսենալի» լեգենդ Տյերի Անրին այդ թիմին կոչ է արել պայքարել Պրեմիեր լիգայում հաղթանակի համար, այլ ոչ թե բավարարվել նվաճած 4-րդ տեղով:
Տյերին, ով երկու անգամ «Արսենալի» կազմում հռչակվել է Անգլիայի չեմպիոն, դժգոհ է Արսեն Վենգերի թիմի ամբիցիաներից և կարծում է, որ քառյակում հայտնվելը հպարտության փոքր առիթ է:
«Անկեղծորեն հույս ունեմ, որ նրանք տոնել են «Տոտենհեմի»` լավագույն քառյակից դուրս մնալը: Դա տոնելու արժանի միակ առիթն է: Եթե դու ոտքից գլուխ «Արսենալի» մարդն ես, ուրեմն քեզ պետք է հետաքրքրեն միայն նվաճումները: Ես դա ասել եմ, երբ մենք 2006 թ. շրջանցեցինք «Տոտենհեմին»: Բանը միայն նրանում չէ, որ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցինք: Կարևոր է, որ մրցակցին դուրս մղեցինք 4-րդ տեղից և զբաղեցրեցինք այդ հորիզոնականը:
Այո, «Արսենալը» եզրագիծը հատեց լավագույն քառյակում, բայց միայն մեկ չեմպիոն կա` «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես մարտիկ եմ, ուստի միակ բանը, որ այս մրցաշրջանից կմնա հիշողությանս մեջ, այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Պրեմիեր լիգայում: Անհրաժեշտ է ավելի լավ հանդես գալ, քան «Յունայթեդը»` այս տարի: Վստահ եմ, որ հիմա «Չելսին» նույնպես այդ մասին է մտածում, ինչպես և «Մանչեսթեր Սիթին»: «Տոտենհեմը» խորհում է լավագույն քառյակ վերադառնալու մասին: Բոլոր թիմերն են մտածելու, թե ինչպես մրցանակ նվաճեն»,- ասել է Անրին «Sky Sports»-ին տված հարցազրույցում: