.jpg)
Էկոնոմիկայի նախարար. Պատասխանատվությո՞ւն` ոչինչ չեմ բացառում
«Եթե պետական գործիչը սխալ ներդրումային քաղաքականություն է վարել, դա ենթադրում է պատասխանատվություն՝ նույնիսկ կառավարությունում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` պատասխանելով բիոզուգարանների վերաբերյալ հարցերին:
Նշենք, որ խոսքը գնում է երկու բիոզուգարանների մասին, որոնցից մեկը տեղադրված է Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, մյուսը՝ Տաթևի ճոպանուղու տարածքում, որն անսարք է. երկու բիոզուգարան ձեռք բերելու համար կառավարությունը փոխանցել էր 100 մլն դրամ:
Aysor.am-ի հարցին, թե այս դեպքում որևէ մեկը կենթարկվի՞ պատասխանատվության պետական միջոցների անարդյունավետ օգտագործման համար, նախարարը պատասխանեց. «Ոչինչ չեմ բացառում»:
Հարկ է նշել, որ այսօր լրագրողներին նախարարը իրազեկեց, որ երեք տարի շահարկվող բիոզուգարան արտահայտությունն այլևս անիմաստ է, դրանք պարզապես զուգարաններ են. սա իմիջիայլոց:
Նախարարը ոչինչ չավելացրեց զուգարանային պատմությանը, միայն նշեց, որ հանձնարարականներ են տրվել, թե ում կամ ինչպիսի չմանրամասնեց, ու հիշեցրեց, որ դրանցով զբաղվում է մրցունակության հիմնադրամը: