Սիրիական  հակամարտության բոլոր խաղացողները նախապատրաստվում են «Ժնև-2»-ին
30/05/2013 21:08

Սիրիական հակամարտության բոլոր խաղացողները նախապատրաստվում են «Ժնև-2»-ին

ԵՄ-ի կողմից դեպի Սիրիա սպառազինությունների առաքման արգելքի դադարեցումը պատասխանն էր Մոսկվայի կողմից պաշտոնական Դամասկոսին C 300 ՀՕՊ համակարգեր տրամադրելու մասին հայտարարություններին: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` մեկնաբանելով Եվրամիության անդամ պետությունների կողմից Սիրիայում գործող հակակառավարական ուժերին զենքի մատակարարման էմբարգոն չերկարաձգելու մասին մայիսի 27-ին ընդունված որոշումը:

Արաբագետի կարծիքով` «Ինչպես հակամարտության ուղղակի մասնակիցներն, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրին աջակցող արտաքին «ճամբարները» պատրաստվում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից կազմակերպելիք, այսպես նախանշված, «Ժնև-2» համաժողովին, և հակամարտության տարբեր հարթություններում` ռազմական, դիվանագիտական, տեղեկատվաքարոզչական, հոգեբանական, առճակատումը հասել է իր գագաթնակետին: Կայանալիք համաժողովի բոլոր հնարավոր մասնակիցներն ձգտում են հակդիր կողմի նկատմամբ առավելությունների, առավել ամուր և վստահ դիրքերից ներկայանալուն: Սա է պատճառը զարգացումների այն աննախադեպ ակտիվության, ինչին ականատես ենք լինում այսօր թե՛ Սիրիայում և թե՛ նրանից դուրս:

Միևնույն ժամանակ, սիրիական գործընթացներում ներգրավված խաղացողների արդենիսկ բացահայտ գործելաոճը նպատակ են հետապնդում կանխատեսելի դարձնել զարգացումների այն ընթացքը և հավանական սպառնալիքները, որոնք կհետևեն «Ժնև-2»-ի տապալմանը կամ ձախողմանը` ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար սպասվող վտանգի տեսանկյունից»:

«Այս համատեքստում, վերջին շրջանում սիրիական իշխանությունների կողմից արձանագրած ռազմական հաջողությունները ռազմավարական, քաղաքական, նաև պատմական կարևորություն ունեցող մի շարք շրջաններում, դրան հավելած` ՌԴ, Իրանի, Հիզբալլահի տարբեր աստիճանի պաշտոնյաների հայտարարություններն` ընդդեմ սիրիական ընդդիմության, նրանց արտաքին հովանավորների երկակի քաղաքականության, ընդդիմությանը համախմբելու անկարողության, նաև Իրանում կազմակերպված «Սիրիայի բարեկամների» այլընտրանքային համաժողովը և այլն կանխատեսելի են դարձնում համարժեք պատասխան հակադիր ճամբարից: Հենց այս հարթության մեջ պետք է դիտարկել ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից Սիրիայի վերաբերյալ ընդունված միակողմանի բանաձևը, նույնաբովանդակ փաստաթղթի շուրջ քննարկումները ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում, Ամմանում հակասասդյան ուժերի նախաձեռնած «Սիրիայի բարեկամների» հերթական հանդիպումը, ԱՄՆ-ի սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի, ապա նաև ԵՄ անդամ պետությունների կողմից դեպի Սիրիա զենքի մատակարարումներ արտոնելու մասին որոշումները և այլն»,- նկատեց արաբագետը:

Խոսելով ԵՄ-ի կողմից դեպի Սիրիա զենք մատակարարելու հնարավորությունների մասին` արաբագետը նշեց, որ վերոնշյալ հանդիպման ընթացքում ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդն այդպես էլ վերջնական որոշում չկայացրեց զենքի մատակարարումների մասին և վերջնական որոշումը կվերանայի մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը, մինչդեռ ԵՄ յուրաքնաչյուր պետության իրավունք տրվեց` ինքնուրույն որոշում կայացնելու: Այս հանգամանքն, իհարկե, որոշ պետությունների մանևրելու հնարավորություն է ընձեռում սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված տարբեր զարգացումների դեպքում: Սակայն պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ի կողմից պաշտոնապես սպառազինության մատակարարումները պետք է հիմնավորված լինեն միջազգային և եվրոպական իրավունքի նորմերով: Ասել է, թե նման առաքումներին պետք է նախորդի սիրիական ընդդիմադիր կազմակերպություններից որևէ մեկին, կամ նրանց կողմից ստեղծված գործադիր մարմնին, որպես պետական սուբյեկտի, կամ սիրիական ժողովրդի միակ ներկայացուցչի, միջազգային ճանաչման գործընթացը: Ներկայում առկա որոշ կազմակերպություններ, չնայած միջազգային ճանաչման հարցում որոշ ձեռքբերումների, այնուամենայնիվ, չեն հավակնում մատակարարումների հիմնական հասցեատերը դառնալու հնարավորությանը, քանի որ այդ կառույցներում առկա են լուրջ ճգնաժամ, անդամների շրջանում սկզբունքային հակասություններ, ինչպես նաև բուն Սիրիայում հեղինակության բացակայությունը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ գոնե մոտ ապագայում, նաև հաշվի առնելով սիրիական ճգնաժամի քաղաքական կարգվորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, սիրիական վարչակարգի դեմ մարտնչող ուժերին սպառազինության մատակարարումներ չեն իրականացվի»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը:
 

Սիրիական հակամարտության բոլոր խաղացողները նախապատրաստվում են «Ժնև-2»-ին