.jpg)
Արքայազն Չարլզն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Այսօր Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այցելեց համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղակատվական համակարգից:
Մայր Տաճարում արքայազնին ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն արքայազնին ներկայացրեց Հայոց Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և կարևոր դերակատարությունը ազգային ինքնության պահպանման, անկախ պետականության վերականգնման գործում: Նորին Սրբությունը նաև անդրադարձավ միջեկեղեցական հարաբերություններին` մասնավորապես ներկայացնելով Հայ և Անգլիկան Եկեղեցիների միջև առկա համագործակցությունը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և արքայազն Չարլզն այցելեցին Մայր Տաճարի ավանդատուն-թանգարան, ուր Ուելսի արքայազնը ծանոթացավ Հայ Եկեղեցու կողմից պահպանվող հոգևոր և մշակութային արժեքներին:
Հայաստան այցի ընթացքում արքայազն Չարլզն եղավ նաև մի շարք սրբավայրերում` Խոր Վիրապի վանքում, Ս. Գեղարդավանքում և Ս. Հռիփսիմե վանքում: