ԼՂՀ ԱԺ-ն հերթական նստաշրջանն է գումարել
30/05/2013 20:46

ԼՂՀ ԱԺ-ն հերթական նստաշրջանն է գումարել

Մայիսի 30-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Հաստատելով նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումներն ու լիագումար նիստի ներկայացված օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ առաջադրված հարցերի քննարկմանը։

Առաջինը քննության առնվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Օրինագծերի վերաբերյալ դրական էին գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունները։ Օրենքներն ընդունվեցին։

Նույն ներկայացմամբ քննության առնվեց և, առարկություններ չհարուցելով, որպես օրենք ընդունվեց խմբագրական բնույթի լրացում առաջարկող «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Կարծիքների ոչ տևական փոխանակումից հետո օրենքն ընդունվեց։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Նախագծի վերաբերյալ դրական էր գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը։ Օրենքն ընդունվեց։

Կառավարության լիազորմամբ նիստում ներկայացնելով «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքի նախագիծը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը որպես հիմնավորում նշեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է ոլորտի զարգացման իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ։

Օրինագծի կապակցությամբ դրական էր գլխադասային՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը։ Ընդ որում՝ թե գործադիրի պաշտոնական ներկայացուցիչը և թե խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, ելնելով կանոնակարգային պահանջից և օրինագիծը լրացուցիչ քննության առնելու անհրաժեշտությունից, առաջարկեցին օրենքն ընդունել առաջին ընթերցմամբ։ Խորհրդարանը կողմ քվեարկեց նրանց առաջարկությանը։

Նիստն այնուհետև ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2012թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքը: Համաձայն կանոնակարգային պահանջի՝ հարակից զեկուցմամբ հանդես եկավ նաև վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը՝ նշելով, որ հաշվետվությունը հիմնականում բովանդակում է «Պետական գույքի մասնավորեցման մասին» ԼՂՀ օրենքով սահմանված դրույթները։ Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, նույնպես հանդես գալով հարակից զեկուցմամբ, իր հերթին նշեց, որ օրենքի նախագիծը հանգամանալի քննարկվել է հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ երաշխավորվում է ընդունել օրենքի վերջնական տեսքով։

Օրակարգի մեջ ներառնված հաջորդ օրինագծերի վերաբերյալ կառավարության լիազորմամբ նիստում համապատասխան հիմնավորումներով հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը՝ ներկայացնելով «ՀՀ 2004թ. աշխատանքային օրենսգիրքը ԼՂՀ-ում գործողության մեջ դնելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ԼՂՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Օրինագծերի վերաբերյալ դրական էին գլխադասային՝ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արամ Գրիգորյան) եզրակացությունները։ Տարակարծությունների տեղիք չտալով՝ օրենքներն ընդունվեցին։

Նիստն այնուհետև ի գիտություն լսեց կառավարության տեղեկատվությունը ԼՂՀ 2013թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի ներկայացմամբ և սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Բորիս Պետրոսյանի հաղորդագրությունը ԼՂՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ ծրագրով նախատեսված 2012թ. կատարված աշխատանքների մասին։
Այդպիսով՝ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական նիստն ավարտեց աշխատանքը»,- նշված է հաղորդագրությունում։  

ԼՂՀ ԱԺ-ն հերթական նստաշրջանն է գումարել