Փաստաբան. Վճռաբեկը, սովորաբար, մենաշնորհային ընկերությունների կողմից է
30/05/2013 21:17

Փաստաբան. Վճռաբեկը, սովորաբար, մենաշնորհային ընկերությունների կողմից է

Լոռու մարզում ֆերմեր Սամվել Հարությունյանի փաստաբան Նազենի Վարդանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստվում են ՀՀ վճռաբեկ դատարան:

Նրա խոսքով` իր պաշտպանյալը 2008 թ. իրեն պատկանող ջերմոցների գազամատակարարման դադարեցման պատճառով կրել է 44 մլն ՀՀ դրամի վնաս:

Այդ ընթացքում ֆերմերը մի քանի անգամ նամակով դիմել է «ՀայՌուսգազարդին»՝ խնդրելով վերականգնել գազամատակարարումը, սակայն այն վերականգնվել է բերքը ամբողջովին ցրտահարվելուց հետո: Ընկերությունից պատճառաբանել են, որ դա եղել է պարքերի պատճառով, այնինչ ֆերմերը 78 000 ՀՀ դրամի գերավճար է ունեցել մուծված:

Առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել հօգուտ հայցվորի, սակայն այդքանով գործը չի ավարտվել «ՀայՌուսգազարդն» իր հերթին Վերաքննիչ դատարան է դիմել, որտեղ որոշում է կայացվել հօգուտ «ՀայՌուսգազարդի»:

Ն. Վարդանյանը նշեց, որ իրենց հայցը չբավարարելու դեպքում` իրենք կդիմեն Եվրադատարան, թեև դա շատ երկար ջանքեր ու ժամանակ կպահանջի: 

«Վճռաբեկը նման մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների դեմ գործերով սովորաբար կայացնում է նրանց օգտին որոշում: Եվրադատարան կդիմենք, սակայն մինչև այդ չգիտեմ, Սամվել Հարությունյանը այս երկրում կլինի թե ոչ, կամ էլ ողջ կլինի, թե ոչ: Արդեն 2 ֆերմեր կա, որ սնանկացման պատճառով սրտի կաթված է ստացել, իսկ Ս. Հարությունյանը այժմ ամբողջովին սնանկացած վիճակում է»,- ասաց նա:

 

Փաստաբան. Վճռաբեկը, սովորաբար, մենաշնորհային ընկերությունների կողմից է