.jpg)
Հակաասադական կոալիցիայի հաղթանակը կհարվածի ՌԴ-ի և Իրանի դիրքերին
Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների ու տարբեր վարձկանների միջև ռազմական գործողությունները սպառնում են վերաճել Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի, որը կարող է իր հորձանուտ ներքաշել հարևան երկրներին և տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր ունեցող գերտերություններին:
Սիրիայում այս պահին բախվում են Արևմուտքի` ԱՄՆ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների շահերը:
Վերջին շրջանում Բաշար Ասադին հավատարիմ ուժերի ռազմական հաջողությունները ամրապնդեցին այն կարծիքը, որը Ասադը և ալևիական կլանը չի պատրաստվում հեշտությամբ զիջել և հակաասադական ուժերին հաղթանակը դժվարությամբ կտրվի:
Նախագահ Ասադը հենվում է բնակչության լայն շերտերի աջակցության վրա` ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տեղեկություններով Ասադին այս պահին աջակցումէ բնակչության 75 %-ը:
Բացի այդ, գործող վարչակազմին աջակցում են նաև Սիրիայի հիմնական ռազմավարական գործընկերները` Մոսկվան և Թեհրանը, որոնք չեն ցանկանում Մերձավոր Արևելքում կորցնել կարևոր ռազմաքաղաքական դաշնակցին:
Ռուսաստանը օրերս որոշում է կայացրել Սիրիա ուղարկել զենիթա-հրթիռային C-300 համակարգեր, «Յախոնտ» համակարգեր, որոնք թույլ կտան պաշտպանել Սիրիայի օդային տարածքը և ծովափը, ինչը կկանխի հակառակորդների կողմից սիրիական ափերի և նավահանգիսների ծովային բլոկադան և հնարավարություն կտա Ասադին օգնություն` զենք, զինամթերք ստանալ դրսից:
Ռուսաստանը աջակցում է գործող վարչակազմին` Սիրիայի Տարտուս նավահանգստում իր ռազմակայանը պահպանելու և հետագայում էլ Մերձավոր Արևելքում Սիրիայի վրա հենվելու տրամաբանությունից ելնելով:
Իր հերթին, Իրանը նախօրեին որոշում է կայացրել 4 միլիարդ դոլարի ֆինասնական աջակցություն ցուցաբերել Սիրիային`երկրի տնտեսությունը վերականգնելու համար:
Սիրիան Իրանի հիմնական ռազմավարական դաշնակիցն է Մերձավոր Արևելքում և կապող օղակ` Լիբանանում գործող շիական «Հզբոլահ» խմբավորման հետ, ինչը թույլ է տալիս Իրանին տարածաշրջանում ձևավորել այսպես կոչված «շիական եռանկյունի»` Իրան-Սիրիա-Հզբոլահ առանցքի շուրջ:
Հակաասադական կոալիցիան, որի գլխավոր դերակատարը ԱՄՆ-ն է, իր մեջ ներառում է ԵՄ-ին, տարածաշրջանում Վաշինգտոնի հիմնական ռազմավարական դաշնակիցներ` Թուրքիային և Իսրայելին, ինչպես նաև սիրիական ընդդիմությանը զինող արաբական մի շարք երկրներին` Սաուդյան Արաբիա, Քաթար և այլն:
Թուրքիան հակաասադական հիմնական դերակատար երկրներից է, որը հենց սկզբից իր տարածքն է տրամադրել հակաասադական ընդդիմությանը հավաքներ կազմակերպելու, իսկ հետագայում նաև թուրք-սիրիական սահմանով զենք-զինամթերք տեղափոխելու և արևմտյան երկրների հատուկ ջոկատայինների մուտքը Սիրիա ապահովելու համար:
Անկարան ցանկանում է թուլացնել Սիրիան և նեօսմանական քաղաքականության համատեսքտում դառնալ Մերձավոր Արևելքում առաջատար երկիր և ներկայանալ որպես արաբական ժողովուրդների «փրկիչ և բարեկամ»:
Իրանը խոչընդոտում է հակաասադական ուժերի հաղթանակին, քանի որ Սիրիայի «անկումով» Թեհրանը թուլացնում է իր ազդեցությունը այդ տարածաշրջանում և չի կարողանա ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել Լիբանանի «Հզբոլահ» շարժմանը, որը կարող է ջախջախվել Իսրայելի կողմից`մնալով առանց Իրանի աջակցության:
Իսրայելը իր հերթին թուլացնելով Իրանի ազդեցությունը տարածաշրջանում կցանկանա մեկընդմիշտ չեզոքացնել հյուսիսից` Լիբանանի հարավից իրեն ուղղվող սպառնալիքը և կոչնչացնի «Հզբոլահի» ռազմական ենթակառուցվածքները, իսկ թուլացած Դամասկոսի առկայության պայմաններում ավելի կամրապնդվի վիճելի Հոլանյան բարձրունքներում:
Հակաասադական կոալիցիայի գլխավոր ջատագովներից ԱՄՆ-ը թուլացնելով Սիրիան ու հեռացնելով Ասադին ճանապարհ է հարթում Իրանի ամբողջական մեկուսացման և կազմաքանդման համար:
Վաշինգտոնը Սիրիայում իշխանությունից կհեռացնի շիական ուղղվածության և իրանամետ ալևիական կլանը և իշխանության կբերի սունիական, վերահսկվող թույլ վարչակազմ, որը տարածաշրջանում կդառնա նրա կամակատարը:
Սիրիան ԱՄՆ-ի կողմից հռչակված «չարի առանցքի»`Լիբիա, Սիրիա, Իրան, Հս. Կորեայի երկրներից մեկն է, որը սպառնում է Սպիտակ տան ռազմաքաղաքական շահերին:
Այսպիսով, Սիրիայում ջիհադական կոչերով ծայրահեղ իսլամիստական, հակաալևիական և հակաքրիստոնեական խմբավորումների իշխանության գալը սպառնում է վերջ դնել Սիրիայում հայկական ներկայությանը, սիրիահայ համայնքին, որը ընդդիմադիրների կողմից դիտարկվում է որպես ասադամետ տարր, որին պետք է հեռացնել երկրի տարածքից:
Ծայրահեղականների իշխանության գալը և հետագայում Լիբանանում «Հզբոլահի» դեմ գործողությունները կարող են ապակայունացնել նաև հայաշատ Լիբանանը և այս անգամ հանգեցնել լիբանանահայության հեռացմանը տարածաշրջանից:
Սիրիայի և այժմ նաև Լիբանանի շուրջ լարվածության աճը և ռազմական գործողությունների տեղափոխությունը Լիբանան սպառնում է զրոյացնել հայկական ներկայությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: