.jpg)
Եվրանեսթում որոշվեց` մյուս տարի պլենար նիստը Հայաստանում կանցկացվի
Օրերս Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Եվրանեսթի տարեկան պլենար նիստին: Հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն Aysor.am-ին պատմեց, որ նիստի սկզբում շատ էր կրկնվում` այս ձևաչափով հանդիպումները որևէ ապագա չունեն և Եվրանեսթը չի կայանում:
«Փոխարենը մենք կարծում ենք, որ սա հերթական հարթակն է, ուր Հայաստանի Հանրապետության հարցերն առաջ են քաշվում, քննարկումներ են լինում: Բանն այն է, որ և’ հանձնաժողովների նիստերին, և’ պլենար նիստում հայկական պատվիրակությունը շատ լավ ներկայացավ: Մեր պատվիրակության ելույթներն ու դիրքորոշումները շատ հավասարակշռված էին: Իրականում շատ նուրբ ու բազմաշերտ են Եվրանեսթի աշխատանքները և մասնակցությունն էլ, իմ կարծիքով` շատ կարևոր»,- ասաց Կ. Աճեմյանը:
Կարինե Աճեմյանը նշեց, որ հանձնաժողովների նիստերի ժամանակ ադրբեջանական պատվիրակության կողմից արվեցին մի շարք առաջարկություններ, որոնք հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ հանվեցին:
«Էներգետիկ, տնտեսական, սոցիալական հանձնաժողովներում` ադրբեջանական պատվիրակությունը բոլոր հարցերը փորձում է կապել հայ-ադրբեջանական հակամարտության հետ ու սկսում է խոսել «օկուպացված» տարածքների մասին: Ամեն բան` ինչպես միշտ»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ հանդիպումներին, նշելով, որ վերջինս Հայաստանին մեծ աջակցություն է ցուցաբերում ու առհասարակ հայկական պատվիրակության նկատմամբ մեծ հարգանք կա, քանի որ բոլորն էլ հասկանում են` այս պատվիրակությունը խոսում է փաստերով:
Եվրանեսթի այս տարվա պլենար նիստի ընթացքում պաշտոնապես որոշվեց, որ 2014թ.-ին այն անցկացվելու է Հայաստանում: Կարինե Աճեմյանը նշեց` ճիշտ է, որոշումն այնտեղ է կայացվել, բայց դրան նախորդել է երկար ամիսների ակտիվ աշխատանք.
«Հատուկ ցանկանում եմ առանձնացնել մեր պատվիրակության ղեկավարին` Արտակ Զաքարյանին, ով իսկապես շատ մեծ ներդրում ունեցավ այս կարևոր որոշման կայացման համար»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Աճեմյանի խոսքով` ադրբեջանական պատվիրակությունն առանձնապես չբողոքեց 2014թ.-ին Եվրանեսթի տարեկան պլենար նիստը Երևանում անցկացնելու որոշումից.
«Բանն այն է, որ նախորդ տարի էլ տարեկան պլենար նիստն անցկացվել է Ադրբեջանում` Բաքվում: Դրան նախորդող քննարկումներում Հայաստանը երբեք ոչ մի կերպ չխոչնդոտեց այս որոշման կայացմանը: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի կառուցողական ու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ուղղակի ակնհայտ է մասնավորապես այս կառույցի գործունեության շրջանակներում»,- ասաց Կարինե Աճեմյանը: