Պրանդելլի. «Մեզ համար կարևորը հենց այն է, ինչ ասել է Բալոտելլին»
31/05/2013 19:45

Պրանդելլի. «Մեզ համար կարևորը հենց այն է, ինչ ասել է Բալոտելլին»

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին Սան Մարինոյի ընտրանու հետ ընկերական հանդիպումից առաջ վստահեցրել է, որ իր սաները տանջալից մրցաշրջանից հետո հոգնածության հետ կապված խնդիրներ չեն ունենա: «Սկուադրա աձուրան» նախապատրաստվում է Չեխիայի ազգային թիմի հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպմանը և Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:

«Մենք ընկերական խաղ կազմակերպեցինք` նորեկներին փորձարկելու և հասկանալու համար, թե առավել տեմպային խաղի ժամանակ ինչպես կարող ենք օգտագործել նրանց,- հայտարարել է Պրանդելլին նախախաղային մամուլի ասուլիսում:- Մեր նպատակը գործի մեջ որոշակի հաշվեկշռի պահպանումն է: Ուզում ենք ստուգել այդ տղաների պատրաստականության մակարդակը:

Խաղադաշտ մտնելով հավաքականի մարզաշապիկով` ֆուտբոլիստները պետք է գիտակցեն, որ իրենք շատ ավելին ունեն այն խաղացողների համեմատությամբ, ովքեր լավ մրցաշրջան են անցկացրել և հիմա գտնվում են արձակուրդում: Ազգային թիմը ֆուտբոլիստներին շատ բան է տալիս, սակայն նաև փոխադարձ վերաբերմունքի կարիք ունի:

Վստահ եմ, որ ֆուտբոլիստները հոգնած են, սակայն մենք կաշխատենք ճիշտ մոտիվացնել մեր սաներին: Լավ աշխատանք ենք կատարել 4 օրվա ընթացքում` մարզվելով օրական երկու անգամ, ուստի հոգնածության առումով որևէ խնդիր չեմ տեսնում:

Որոշ ֆուտբոլիստներ մկանային խնդիրներ ունեն, սական պետք է որ հասցնեն վերականգնվել մինչև խաղը: Էլ-Շաարավին, Մոնտոլիվոն ու Բարցալյին հաստատ չեն խաղա: Դիամանտին արդեն այն տարիքում է, որ պետք է պատասխանատվություն ստանձնի: Նա լիդերի որակներ է դրսևորում «Բոլոնյայում»` հաստատելով դա խաղադաշտում իր գործողություններով: Ալեսանդրոն մեծահոգի մարդ է և արժանանում է ողջ կոլեկտիվի աջակցությանը: Կարծում եմ` նա կարող է օգուտ տալ ցանկացած թիմի»:

Լրագրողների խնդրանքով Պրանդելլին մեկնաբանել է նաև Բալոտելլիի` թմրամիջոցների վաճառքին մասնակցության մասին լուրերը: Դատական գործընթացի ժամանակ հայտնի հանցավոր խմբավորման վկաներից մեկը` Կամորրան, հայտարարել է, որ 2010 թ. հունիսին ֆուտբոլիստը Նեապոլում ներկա է եղել մի գործարքի և, իբր, ցանկություն է հայտնել դառնալ արգելված խթանիչների առաքիչներից մեկը:

«Պատմականորեն այնպես է ստացվել, որ հավաքականում մթնոլորտը լարվել է հասարակության անառողջ հետաքրքրության պատճառով,- ասել է Պրանդելլին:- Բայց ես մտադիր չեմ մեկնաբանել այդ լուրերը: Բալոտելլին արդեն զանգվածային լրատվամիջոցների կործանարար ազդեցությանը չենթարկվելու փորձ ունի:

Մարիոն արդեն ամեն ինչ բացատրել է, ուստի ավելացնելու բան չկա: Այդ թեման ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Երբ Բալոտելլին որոշի զրուցել լրագրողների հետ, անպայման կկիսվի իր մտքերով: Հիմա մենք ավելի լուրջ հարցեր ունենք: Մեզ համար կարևորը հենց այն է, ինչ ասել է Մարիոն»:

Ավելացնենք, որ Բալոտելլին սադրանքին պատասխանել է տվիտտերյան իր էջում:

«Հիմա ես թմրանյութեր եմ վաճառո՞ւմ: Պետք է որ ամոթալի լինի ձեզ համար: Իմ անունը մի օգտագործեք ձեր հետաքրքրությունների մեջ»,- գրել է Բալոտելլին, բայց որոշ ժամանակ անց այդ գրառումն անհետացել է:

Պրանդելլի. «Մեզ համար կարևորը հենց այն է, ինչ ասել է Բալոտելլին»