.jpg)
ԱՄՆ-ն թույլատրել է բջջային հեռախոսներ և նոթբուքեր մատակարարել Իրան
ԱՄՆ-ն թեթևացրել է Իրանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ՝ թույլատրելով ամերիկյան ընկերություններին վաճառել անձնական օգտագործման համար բջջային հեռախոսներ, նոթբուքեր և այլ սարքավորումներ, որոնք նախատեսված են հեռահաղորդակցության, ինչպես նաև ծրագրային ապահովման համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությանը:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ նախարարությունը սև ցուցակում է ընդգրկել որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց մեղադրում են մարդու իրավունքների խախտման մեջ՝ պաշտոնյաներ, ովքեր պատասխանատու են ցենզուրայի, ինտերնետ մուտք գործելու ժամանակավոր արգելափակման կամ որոշ արբանյակային հեռուստաալիքների անջատման համար:
Ֆինանսների նախարարությունում պատժամիջոցների թեթևացումը բացատրել են նրանով, որ «Իրանի կառավարությունն իր ժողովրդին ստիպում է լռել» և արգելափակում է քաղաքացիների հեռահաղորդակցության հնարավորությունները: Այդ պատճառով ԱՄՆ-ն նման միջոցներով փորձում է իրանցիներին հնարավորություն տալ օգտվել իրենց բազային հնարավորություններից, այդ թվում և ազատ արտահայտման իրավունքից:
Տեխնիկային վաճառքի արգելքը հանվել է Իրանում հուլիսի 14-ին նախատեսված նախագահականա ընտրությունների նախաշեմին: Նախորդ ընտրություններից հետո, որը տեղի էր ունեցել 2009 թվականին մեծ ընտրախախտումներով, բազմաթիվ իրանցիներ մասնակցել են բողոքի ցույցերին և անկարգություններին: Ընդդիմադիրները այդ ժամանակ իրենց գործողությունները համակարգել են հեռահաղորդակցման միջոցների օգնությամբ:
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զանազան էլեկտորատեխնիկայի վաճառքի արգելքը մտցվել էր դեռևս 1992 թվականին, սակայն իրանցիները կարողանում էին սև շուկայից ամերիկյան հեռախոսներ ձեռք բերել:
Նշենք, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների ամենախոշոր փաթեթը ներմուծվել է 2012 թվականի հունիսին: Հիմնականում այն շոշափում էր նավթի առևտուրը: Ըստ որոշ տվյալների՝ 2012 թվականին պատժամիջոցների պատճառով Իրանը կորցրել էր 40 միլիարդ դոլար: