.jpg)
Սերժանտը դատապարտվել է շարքային զինծառայողներին հարվածելու համար
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Աքսեն Բալասանյանի գործով դատաքննությունը:
Պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ա. Բալասանյանը պաշտոնեական լիազորությունների սահմաններն անցնելու և իր նկատմամբ ստորադրյալներ, ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Անդրանիկ Խառատյանի և Ստեփան Ստեփանյանի նկատմամբ բռնություն գործադրելու՝ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով:
2013 թ. փետրվարի 8-ին նշանակված լինելով որպես թիվ 146 մարտական դիրքի պատասխանատու, հանդիսանալով պաշտոնատար անձ, դիրքի օրվա նշանաբառը չիմանալու, այդ կապակցությամբ դասակի հրամանատարին ստելու և իր հետ հեգնանքով խոսելու համար, զինվորական կարգապահությունը խախտողներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելու, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու և թվացյալ գերակայությունը ընդգծելու շարժառիթներով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, նույն դիրքի դիտորդ, ժամկետային զինծառայող, արթուն հերթափոխ, շարքային Անդրանիկ Խառատյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով` բռունցքով մեկ անգամ և մեկ անգամ ոտքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին և նրա առողջությանը՝ քթի ոսկրերի տեղաշարժված կոտրվածքի և ստորակնակապճային շրջանների արյունազեղումների ձևով պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Դրանից անմիջապես հետո, նշված վիճաբանությանը միջամտելու պատճառով, շարունակելով իր գործողությունները, ձախ ձեռքով մեկ անգամ հարվածել է նույն դիրքի դիտորդ, ժամկետային զինծառայող, հանգիստ հերթափոխ, շարքային Ստեփան Ստեփանյանի դեմքի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով աջից վերին շրթունքի վերին հատվածում արդեն ապաքինված վերքի սպիի տեսքով և վնասվածք ստանալու պահին վերին շրթունքի հեմատոմայի, լորձաթաղանթի պատռվածքի ձևով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Դատարանը Ա. Բալասանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: