«Ինչպե՞ս փերի դառնալ». Ի՞նչ են փնտրում երեխաները համացանցում
01/06/2013 13:00

«Ինչպե՞ս փերի դառնալ». Ի՞նչ են փնտրում երեխաները համացանցում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Яндекс որոնողական համակարգը փորձել է պարզել, թե ինչ են փնտրում երեխաները համացանցում: Այս մասին գրում է vesti.ru-ն:

Ինչպես նշվում է ընկերության հետազոտության մեջ, մինչև 18 տարեկան երեխաները կազմում են Яндекс-ի օգտատերերի 10%-ը:

Ընկերությունը պարզել է, որ երեխաները որոնողական համակարգից օգտվում են մի փոքր այլ կերպ, քան` մեծահասակները: Նրանք իրենց որոնումը հիմնականում ձևակերպում են հարցի տեսքով, օրինակ` «ինչպե՞ս գտնել եռանկյունու մակերեսը»:

Որոնողական համակարգից օգտվող տղաները հիմնականում հետաքրքրվում են խաղերով ու համակարգիչներով, իսկ աղջիկները` ուսումնական նյութերով ու սեռերի միջև հարաբերություններով:

Համացանցում երեխաներին հիմնականում հետաքրքրում է ոչ թե «ինչո՞ւ», այլ` «ինչպե՞ս» հարցը:

Հետազոտողները փորձել են երեխաների կողմից համացանցին տրվող հարցերը դասակարգել նաև տարիքային խմբերով: Օրինակ` առաջին դասարանում երեխաները հաճախ հարցնում են` «ինչպե՞ս լուցկիներից տուն պատրաստել», չորրորդ դասարանում` «ինչպե՞ս հաշվել եռանկյունու մակերեսը», յոթերորդում` «ինչպե՞ս սեր խոստովանել քեզ դուր եկած աղջկան, երբ նրա հետ վերադառնում ես դպրոցից», իսկ արդեն 11-րդ դասարանում երեխաները հետաքրքրվում են, թե որտեղ կարելի է սովորել դպրոցն ավարտելուց հետո:

Հատկապես հետաքրքիր են աղջիկների` տարիքի հետ փոփոխվող որոնումները: Օրինակ չորրորդից հինգերորդ դասարաններում աղջիկները հաճախ փնտրում են` «ինչպե՞ս փերի դառնալ»: Յոթերորդ դասարանում նրանք արդեն ավելի վստահ են դառնում իրենց հնարավորությունների վրա ու հարցնում են` «ինչպե՞ս գեղեցիկ լինել»: Ընդ որում աղջիկներին հաճախ հետաքրքրում են բավականին լուրջ հարցեր, օրինակ` «ի՞նչ է մարդասիրությունը»:


«Ինչպե՞ս փերի դառնալ». Ի՞նչ են փնտրում երեխաները համացանցում