17-ամյա Գուրգեն Պետրոսյանը պատերազմի առաջին զոհն էր Այգեպարում
01/06/2013 19:41

17-ամյա Գուրգեն Պետրոսյանը պատերազմի առաջին զոհն էր Այգեպարում

Երևանից 215 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Այգեպար գյուղի բնակելի շենքերից մեկի տան մութ պատերի մեջ թոշակառու Պետրոսյանները սրբորեն պահում են զոհված որդու վառ հիշատակը:

«Դպրոցական էր, մի ամսից դպրոցն ավարտելու էր, բայց սիրտը չէր դիմանում դասերի նստի, ամեն օր տնից փախնում էր` գնում դիրքեր»,- հիշում է Այգեպարի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ 17 տարեկանում զոհված Գուրգեն Պետրոսյանի մայրը՝ 65-ամյա Ամալյա Պետրոսյանը:



Արցախյան ազատամարտի տարիներին Այգեպարի ինքնապաշտպանության ժամանակ զոհվել է 6 այգեպարցի: Նրանցից առաջինը Գուրգեն Պետրոսյանն էր, ով զոհվեց 1993-ի մարտի 26-ին: 

Գուրգենին գյուղում բոլորն են հիշում` շատ աշխույժ, բարի ու կենսուրախ երիտասարդ էր: Ճիշտ է, դպրոցում այնքան էլ լավ չէր սովորում, բայց նրան բոլորը շատ էին սիրում:

Գուրգենն ընտանիքի չորրորդ զավակն էր, ամենասպասվածը՝ երեք աղջիկներից հետո…

Տիկին Ամալյան թերթում է նկարների հնամաշ ալբոմն ու ափսոսանքով նկատում` որդին շատ քիչ նկարներ ունի:
«Այդ օրերին սիրտս վկայում էր երևի, անընդհատ ասում էի` գնա նկարվի, գնում էր` լույս չէր լինում, տենց էլ նորմալ նկար չունեցավ»,- հիշում է մայրը:



Գուրգենի հայրն էլ հիշում է, որ որդին ցանկանում էր բժիշկ դառնալ ու պարապում էր բժշկական համալսարան ընդունվելու համար, սակայն պատերազմը փոխեց բոլոր ծրագրերը և բժշկական համալսարան գնալու փոխարեն Գուրգենը բռնեց դիրքեր գնացող ուղին:

Որդին դիրքեր էր բարձրանում ծնողներից գաղտնի: Սկզբում դիրքերում կռվող համագյուղացիներին հաց ու ջուր էր տանում, հետո` ինքն էլ զենք բռնեց:

«Երեկոյան ժամը 8-ն էր, եկավ հաց կերավ ու ասեց` ուշանում եմ, տնից փախավ էլի… Գնաց ու խաբարն իմացանք: Տան բալկոնում նստած էի, տեսա շտապօգնության մեքենան գնում ա, ասեցի` տեսնես էս ո՞վ ա սենց վիրավոր, փաստորեն իմ երեխեն էր: Իր զոհվելուց հետո էլ ոչ մի երեխու դիրքեր չթողեցին»,- պատմում է տիկին Ամալյան:

«Գուրգենը հարմարվող էր: Ամեն բան էլ սիրում էր ուտել, բայց երբ ուտելիքն ուշացնում էի, ասում էր` «լաղ արա, ստամոքսս գիդըմ ա, թե տերը մեռել ա»,- ժպիտով հիշում է մայրը:

Այսօր Պետրոսյաններն ապրում են միայնակ՝ ամուսիններով՝ ամուր պահելով հիշողություններն որդու մասին: 
Պետրոսյանների առաջին հարկում գտնվող բնակարանը բուրում է խոնավությամբ: Կիսաքանդ վիճակում գտնվող սանհանգույցը հավելյալ դժվարություններ է ստեղծում թոշակառու ամուսինների համար:

«Հող ենք մշակում, ճիշտ ա կրակոցի տակ է, բայց ուրիշ անելու բան չկա: Մենք միշտ աշխատել ենք, ինքներս ստեղծել ենք մեր ապրուստը, միշտ լավ ենք ապրել, բայց կոտրվեցինք…»,- ցավով ասում է տիկին Ամալյան:

Գուրգեն Պետրոսյանի զոհվելուց հետո ընտանիքը ստացել է 700 հազար դրամի փոխհատուցում.
«Այդ ժամանակ փողերը փոխվում էին, դրամը գին չուներ, ու էտ գումարին իրա տարուն կարողացանք 20 հատ ձուկ բերել միայն: Հետո 300 դոլար տվեց պետությունը, մի կերպ կարողացանք քարը գցել»:


 

17-ամյա Գուրգեն Պետրոսյանը պատերազմի առաջին զոհն էր Այգեպարում