.jpg)
Բորուսիա-Բավարիա խաղը ՍՕՍ մանկական գյուղում. Երբ երազում են երեխաները...
Կոտայքի մարզի ՍՕՍ մանկական գյուղն ունի իր ֆուտբոլային թիմը: Թիմի կազմին ծանոթանալիս կարող եք հանդիպել այնպիսի հայտնի անունների, ինչպիսիքն են Մեսսին, Պատոն, Ռոնալդուն, Կասիլիասն ու Էլ Շարավին:
Թիմը պաշտոնական չէ, դրա կազմում ընդգրկված ֆուտբոլիստների անունները, բնականաբար` նույնպես:

«Ես էն հայտնի ֆուտբոլիստների նման սենց խփեմ` դու նկարի»,- ասում է գյուղի երեխաներից Չիկոն ու ավելացնում. «Գիտե՞ս, ինձ ստեղ պստիկ Մեսսի են ասում»:

«Ես էլ Կասիլյասն եմ»,- միջամտում է Հայկարամն ու իր խոսքերն ապացուցում մի քանի հիանալի «սեյվերով»:

«Ես Ռոնալդուն եմ կամ էն, էն… Էլ Շարավին: Մազերս իրանց նման ա»,- ասում է Ստյոպիկը:

«Ֆուտբոլիստները» ՍՕՍ մանկական գյուղում հայտնվել են տարբեր տարիքում ու տարեբեր պատճառներով: Նրանցից քչերն են ծնողազուրկ, մեծ մասին` այստեղ են բերել են ծնողներն. հիմնականում՝ սոցիալական պատճառներով: Երեխաներն այստեղ ապրում են ընտանիքներում, ամեն ընտանիքում առավելագույնը 7 երեխա ու մեկ ՍՕՍ-մայր:
«Ես մի ամիս առաջ եմ ՍՕՍ եկել,- պատմում է 11-ամյա Կարենը,- Առաջ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն էի, հետո այն հրդեհվեց ու ինձ մի քանի տղաների հետ բերեցին էս գյուղ: Շատ ուրախ եմ, որ եկա ստեղ, ստեղ տուն ունեմ, մամա, ընկերներ: Ընդեղ էլ ընկերներ ունեի, ավելի ճիշտ ընկեր` կալյասկայի վրա էր ու հետս չէր կարում ֆուտբոլ խաղար, բայց մեկ ա` կարոտում եմ իրան»,- ասում է 11-ամյա տղան ու մեզ չսպասելով վազում ֆուտբոլի դաշտ:
«Հիմա թիմերի ենք բաժանվում ու Ռեալ-Բարսա ենք խաղում: Կամ չէ', չէ' Բավարիա-Բորուսիա: Ես Բորուսիա եմ»,- գոռում է Չիկոն ու բոլորին դաշտում դասավորելով սկսում խաղը:
«Պասերով, պասերո’վ, Հայկարաաաա~մ բռնի գնդակը»,- անհանգստանում է թմի ավագ Չիկոն ու թմի ամեն հաջողության ժամանակ կրկնում է հայտնի ֆուտբոլիստների շարժումներն ու աչքի պոչով հետևում, որ իրեն նկարենք:

Խաղին լուռ հետևում է 8-ամյա Ալեքսն, ով արդեն 7 տարի է մանկական գյուղում է:
«Իսկ դու ֆուտբոլ չե՞ս սիրում»,- հարցնում եմ: «Սիրում եմ, ես էլ եմ միշտ խաղում, ուղղակի հիմա արդեն թիմերի են բաժանվել: Համ էլ նայում եմ միշտ ֆուտբոլ: Հայտնի ֆուտբոլիստներից ես էլ ուզում եմ Բարսելոնա գնացող Հենրիխ Մխիթարյանը լինեմ»,- ասում է Ալեքսն ու քթի տակ ժպտում:

Իր հետ թողնում ենք «տրիբունան» ու գնում Ալեքսնեց տուն:
«Ես դպրոց եմ գնում: Մենք ավտոբուս ունենք մեզ տանում ա կողքի գյուղերի դպրոցներ: Մաթեմատիկա եմ սիրում, կերպարվեստ…»,- տան ճանապարհին իր մասին պատմում է Ալեքսը:
«Ստեղ տարբեր բաներ եմ անում ընկերներիս հետ, բայց հիմնականում ֆուտբոլ ենք խաղում, որ տաք ա: Չնայած ձմեռն էլ էինք խաղում, բայց ձմեռը սղում էր»,- ասում է Ալեքսն ու իր ասածի վրա ծիծաղում:
Երբ հարցնում եմ երազանքների մասին` երկար լռում է, հետո՝ ամաչելով ասում. «Ուզում եմ իմ դպրոցում մինչև 12-րդ դասարան սովորեմ»:
Երբ հետաքրքրվում եմ, թե ինչո՞ւ է հենց դա 8-ամյա տղայի երազանքը` բացատրում է. «Մենք գյուղում ու մեր դպրոցներում մինչև 9-րդ դասարանն ենք մնում: Հետո մեզ տանում են երիտասարդների ավան ու համ ուրիշ տեղ ենք դպրոց գնում, համ էլ ուրիշ տեղ ենք ապրում: Իսկ ես ուզում եմ երկար մնամ իմ ստեղի մամայի հետ…»:
ՍՕՍ-ում Ալեքսի «մաման» տիկին Խանդութն է, ով մեր այցելության պահին նայում էր Ալեքսի մանկական նկարները:
«Ալեքսիս ինձ մոտ բերեցին, երբ կես տարեկան էր: Փոքր տարիքից շատ խելոք երեխա էր: Ես հարազատ աղջիկ էլ ունեմ ու Ալեքսի տարիքի թոռնիկներ: Բայց դե… Բայց դե էս Ալեքսն իմ տղես ա», - ասում է տիկին Խանդութն ու պինդ գրկում տղային:

«Ինձ շիպերով բուտսի~, ի'նձ էլ, ի'նձ էլ: Ինձ Քրիստիանո Ռոնալդոյի ֆորմա: Ինձ էլ էդ Կրիստինայի ֆորմայից: Ինձ սամակատ~ ու բուտսի»,- իրար հերթ չտալով իրենց ցանկալի նվերների մասին վերջում ասում են «ֆուտբոլիստները»:
«Ու գնդակ չմոռանաաա~ք: Գնդակը հիշեցիք չէ՞»,- բղավում են երեխաներն ու հետ վազում դաշտ` «Բավարիա»-«Բորուսիա» կարևոր խաղը շարունակելու…
