.jpg)
Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարների, ԳՇ պետը, ՀՀ ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Անդրադառնալով միջադեպին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երևույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-երից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա»: Նա հանձնարարել է իրականացնել ծառայողական մանրազնին քննություն և պատժել բոլոր մեղավորներին»- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից 01.06.13թ., ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:
Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի և Ս.Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք:
Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նախորդող հրապարակում` Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի կուրսանտի վրա կրակել է համակուրսեցին
Վ. Սարգսյանի ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքից զինվոր է մահացել