.jpg)
Թուրքագետ. Թուրքիայում բողոքի ցույցերը ուղղված են վարչապետ Էրդողանի դեմ
«Թուրքիայում այժմ ծավալված իրադարձությունները սկսվեցին Ստամբուլի կենտրոնի Գեզի այգու պահպանությանը նվիրված ակցիայից, որը վերաճեց բողոքի ցույցերի`տարածվելով Թուրքիայի Հանրապետությունով մեկ»,- Aysor.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայում մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերին, ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Նա նշեց, որ Թուրքիայում երկար ժամանակ առկա էր լարված, հակաիշխանական մթնոլորտ և այդ այգու հետ կապված իրադարձությունը առիթ հանդիսացան, որը այդ լարվածությունը պայթեր:
«Մարդկանց կատաղեցնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ժողովրդին դեմ գնալու քաղաքականությունը, և դրա համար մարդիկ դուրս են գալիս փողոցներ»,- ասաց թուրքագետը:
Նրա խոսքով՝ բողոքի ցույցերին մասնակցում են ընդդիմադիր բոլոր թևերը և ուղղությունները` սկսած ձախերից՝ մինչև ծայրահեղ աջեր, ազգայնականներ, հասարակական նախաձեռնություններ և բնապահպանական խմբեր:
«Նույսիսկ Ստաբուլի ֆուտբոլային թիմերի` Բեշիքթաշի, Ֆեներբախչեի և Գալաթասարայի երկրպագուները, որոնք խաղերի ժամանակ միմյանց են դանակահարում, այս անգամ կողք կողքի դուրս են եկել բողոքի ակցիայի»,- նշեց Ա. Իսպիրյանը:
Ըստ բանախոսի՝ ցույցերի հիմնական կարգախոսներն ուղղված են Էրդողանի դեմ և հնչեցվում են հիմնական «Էրդողան հրաժարական տուր», «Էրդողան հեռացիր» կոչերը:
Ա. Իսպիրյանը հավելեց, որ ոստիկանությունը անհամաչափ արձագանք է ցուցաբերում ակցիաների մասնակիցների նկատմամբ և ուժային մեթոդներով ճնշում այդ ակցիաները`կիրառելով արցունքաբեր գազ:
Նշենք, որ Թուրքիայում հակակառավարական ցույցերի մասնակիցները Իզմիր քաղաքում այսօր այրել են երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակը:
Ոստիկանության և ցուցարարների միջև ամենաթեժ մարտերը տեղի են ունեցել Ստամբուլի կենտրոնում գտնվող Բեշիքթաշ թաղամասում` Բոսֆորի ափին:
Ստամբուլում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայր տանող ճանապարհները փակ են:
Ցուցարարները փորձել են շարժվել դեպի վարչապետի գրասենյակը, սակայն ոստիկանությունը նրանց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել: