Հեյգ. Սիրիացի ապստամբներին զինելու որոշումը կախված է բանակցություններից
03/06/2013 20:41

Հեյգ. Սիրիացի ապստամբներին զինելու որոշումը կախված է բանակցություններից

Մեծ Բրիտանիան սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու որոշում կկայացանի միայն այն բանից հետո, երբ բանակցությունների սեղանի շուրջ նստեն Սիրիայի արաբական հանրապետության կառավարությունը և ընդդիմությունը: 

«Որոշումն այն մասին, թե արդյոք մենք զինելու ենք ընդդիմությանը, կախված է այդ բանակցությունների ելքից և այլ երկրների դիրքորոշումից»,-  Գերմանիա կատարած այցելության ժամանակ հայտարարել է Հեյգը:

«Անհրաժեշտ է հնարավորինս արագ գտնել ճգնաժամի քաղաքական ելքը: Ցավոք, մենք դեռ ստիպված ենք ելնել նրանից, որ տվյալ հակամարտությունը կարող է շարունակվել ամսիներ, նույնիսկ տարիներ»,- մեջբերում է նախարարին Reuters գործակալությունը:

Հեյգի խոսքով` սիրիական հակամարտությունը կարգավորելու գործում շահագրգիռ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հասկանում են, որ քաղաքացիական պատերազմը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը: «Այդ պատճառով շատ կարևոր է, թե Մոսկվան ինչքանով է պատրաստ ազդել Բաշար Ասադի վարչակարգի վրա: Անհրաժեշտ է գործել հենց հիմա, քանի որ իրավիճակը վատթարանում է»,-ընդգծել է բրիտանացի նախարարը:

Նշենք, որ մայիսի 31-ին լրացել էր Սիրիա զենք մատակարարելու նկատմամբ ԵՄ էմբարգոն, որը գործել է հակամարտության գրեթե ողջ ընթացքում: Մայիսի 27-ին ԵՄ ԱԳ նախարարների նիստի ժամանակ անդամ-երկրները չկարողացան միաձայն համաձայնության գալ այն երկարացնելու կամ չեղյալ հայտարարելու կապակցությամբ: Նիստից հետո ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ Եվրամիությունը մինչև օգոստոսի սկիզբ վերանայելու է Սիրիայի նկատմամբ զենքի էմբարգոն: 

Հեյգ. Սիրիացի ապստամբներին զինելու որոշումը կախված է բանակցություններից