Մահմուդ Աբբասը նշանակել է Պաղեստինի ինքնավարության նոր վարչապետին
03/06/2013 20:19

Մահմուդ Աբբասը նշանակել է Պաղեստինի ինքնավարության նոր վարչապետին

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը նշանակել է նոր վարչապետին: Այսուհետ Պաղեստինի կառավարությունը ղեկավարելու է Ռամի Համդալահը, ով կրթությունը ստացել է Մեծ Բրիտանիայում և համարվում է քաղաքականապես անկախ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Համդալահը այս պաշտոնում փոխարինելու է Արևմուտքում հայտնի, սակայն հայրենիքում քննադատությունների արժանացած վարչապետ Սալամ Ֆայադին: Հայտարարելով նոր նշանակման մասին՝ Աբբասը ընդգծել է իսլամիստական ընդդիմության հետ ձեռք բերած պայմանավորվածության մասին, որով նախատեսվում է երեք ամսում ձևավորել ազգային միասնության կառավարությունը, որը պետք է փոխարինի Հորդանան գետի Արևմտյան ափում նախարարների կաբինետը և Գազայի հատվածի ղեկավարումը, որը գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ:

Համդալահը 54 տարեկան է, ղեկավարում է Հորդանան գետի Արևմտյան ափում գտնվող «Ալ-Նահաջ» համալսարանը և զբաղեցնում է ԿԸՀ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Մասնագիտության լեզվաբան է, սովորել է Մեծ Բրիտանիայում և որպես այդպիսին կապված չէ պաղեստինյան քաղաքական խմբավորումների կամ կուսակցությունների հետ:

Սալամ Ֆայադը, ով պաղեստինի ինքնավարության վարչապետ էր նշանակվել 2007 թվականին, հրաժարական էր տվել ապրիլի կեսերին, սակայն մինչ այժմ շարունակում էր կատարել վարչապետի պարտականությունները: Ֆայադի կառավարման առաջին տարիներին Պաղեստին տնտեսությունը զգալի աճ գրանցեց, սակայն տնտեսական վիճակը կտրուկ վատացավ այն բանից հետո, երբ 2012 թվականին ԱՄՆ-ն և Իսրայելը կրճատեցին Պաղեստինի ինքնավարության ֆինանսավորումը՝ այդ քայլով պատժելով Պաղեստինի՝ ՄԱԿ-ում դիտորդ կարգավիճակ ստանալու համար: Պաղեստինի ինքնավարության համար նախատեսված միջոցների սառեցման պատճառով երկար ժամանակ չէին վճարվում պետական աշխատողների աշխատավարձները, որն էլ իր հերթին հանգեցրեց բողոքի ակցիաների:
 

Մահմուդ Աբբասը նշանակել է Պաղեստինի ինքնավարության նոր վարչապետին