Ասադի իշխանության մնալը շահեկան է հետպատերազմական Սիրիայի համար
04/06/2013 20:07

Ասադի իշխանության մնալը շահեկան է հետպատերազմական Սիրիայի համար

«Սիրիային աջակցելու հարցում Դամասկոսի դաշնակիցները`ի դեմս Ռուսաստանի և Իրանի շարունակում են օգնություն ցուցեբերել Բաշար Ասադի վարչակարգին և այդ հարցում նրանց դիրքորոշումներում փոփոխություն չկա»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիային տրամադրվող ռուսական և իրանական օգնությանը և այդ երկրի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակին ասաց արևելագետ Արաքս Փաշայանը:

Նա նշեց, որ Սիրիայում իրադարձությունները, այդ թվում Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու հարցում, կախված է լինելու այն իրավիճակից, որը կստեղծվի Ասադի տապալումը ցանկացող երկրներում:

«Տեսեք, Թուրքիայում այժմ ստեղծվել է որոշակի անկայուն իրավիճակ, որը կարող է ազդել Սիրիայի հետ կապված Անկարայի գործողությունների վրա»,-ասաց բանախոսը:

Նրա խոսքերով, Բաշար Ասադը կարողանում է ի դաշնակիցների օգնությամբ պահպանել իր իշխանությունը և պայքարել արտաքին դավադրության դեմ:

Անդրադառնալով Սիրիայում հնարավոր իշխանափոխությունից հետո ձևավորվելիք իրավիճակին Փաշայանը նշեց, որ միանշանակ չի կարելի ասել, որ իշխանափոխությունից հետո Սիրիայում իշխանության կգան ծայրահեղ իսլամիստները:

«Ասադի մնալը ավելի շահեկան է, քանի որ հետպատերազմական Սիրիան շատ ավելի խոցելի կլինի»,-ասաց արևելագետը:

Ըստ նրա, Ասադը այս պահին կարողանում է պահպանել իր իշխանությունը և հնարավոր է, նա փորձի վերընտրվել 2014թ.-ին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններում:

Անցում կատարելով սիրիահայ համայնքի շուրջ ստեղծված իրավիճակին Փաշայանը նշեց, որ սիրիահայ համայնքը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել գործող նախագահ Բաշար Ասադին, սակայն երկրում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով գտնվում է  ոչ շահեկան և վտանգավոր դիրքերում:

«Մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ, քանի որ ապահովված չէ նրանց անվտանգությունը»,-ասաց բանախոսը:

Ա. Փաշայանը հավելեց, որ իր կարծիքով, լավ կլինի, որ սիրիահայերը որոշ ժամանակով`մինչև իրավիճակի կայանունացումը, բացակայեն երկրից:

Ասադի իշխանության մնալը շահեկան է հետպատերազմական Սիրիայի համար