.jpg)
«Կուրացիո» ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամով
Այսօր ՏՄՊՊՀ-ն դեղորայքի իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությանը անբարեխիղճ մրցակցության համար տուգանեց 10 մլն դրամով և արգելեց 3 տարի մասնակցել պետական գնումների մրցույթներին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ հանձնաժողով է դիմել դեղորայքի ներկրմամբ զբաղվող «Բեյբի Սիմ» ընկերությունը, տեղեկացնելով, որ մրցակից «Կուրացիո» ՍՊԸ-ն խոչընդոտում է իր գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների:
Խոսքը էնտերալ զոնդային սննդի համար մրցույթների մասին է, այս դեղամիջոցը նախատեսված է սննդի ընդունման դժվարություններ ունեցող կամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին համար:
ՏՄՊՊՀ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ բոլոր այն դեպքերում, երբ «Կուրացիո» ընկերությունը բուժհաստատությունների կողմից հայտարարված պետական գնումների մրցույթներում հանդիսացել է միակ մատակարարը, հայտերում շատ բարձր գնային առաջարկ է ներկայացրել, իսկ այն դեպքերում, երբ մրցակից է ունեցել, դեղորայքը վաճառել է գրեթե ինքնարժեքին հավասար գնով: Ընկերությունն արհեստականորեն խոչընդոտել է մրցակից ընկերության մուտքը շուկա:
Արտակ Շաբոյանը նաև նշեց, որ այն դեպքերում, երբ այդ դեղորայքի գինը միջազգային շուկայում իջել է անգամ 80 տոկոսով, «Կուրացիո» ընկերությունը Հայաստանում գները չի նվազեցրել: