05/06/2013 20:02
Արամ Սարգսյան. Մաքսային Միությանը պետք է ասենք այո, եթե…
«Ինտեգրացիոն համակարգերից հրաժարվելը սխալ է և եթե Եվրոպան մեզ չի պարտադրում, որ մենք միայն ու միայն իրենց շրջանակում լինենք և կա հնարավորություն լինել Մաքսայինում ու հետագայում Եվրասիական միությունում, ապա դա ձեռնտու է Հայաստանին»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարներին և անդամակցությունից բխող դիվիդենտներին ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ եթե խնդիրը դրվի «կամ-կամ», այսինքն կամ ինտեգրում եվրոպական կառույցներին, կամ անդամագրում Մաքսային Միությանը, ապա Հայաստանը պետք է լրջագույն քննարկումներ անցկացնի այդ հարցի հետ կապված, քանի որ այդ հարցը առնչվում է երկրի ազգային անվտանգությանը:
«Եթե մենք Մաքսային Միությունը դիտարկում ենք որպես նախադրյալ` Եվրասիական Միությանը անդամագրվելու առումով, ապա պետք է տեսնել, արդյոք նրանք պատրաստ են մեզ համար ստեղծել համապատասխան ֆորմատ, որը թույլ կտա Երևանին անդամագրվել այդ միությանը`հաշվի առնելով մեր պետական շահերը»,- ասաց Ա. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ԼՂՀ-ը գտնվում է Հայաստանի հետ միևնույն տնտեսական համակարգում և ԼՂՀ-ի հետ գոյություն ունի միասնական մաքսային տարածք ու տարադրամ:
«Եթե իրոք ձևավորվի այնպիսի ֆորմատ, որտեղ ՀՀ-ը ԼՂՀ-ի հետ միասին կընդգրկվեն Մաքսային Միության մեջ, ապա պարտադիր մենք պետք է դրան համաձայնվենք և գնանք, քանի որ դրանով անուղղակի ճանաչվելու է ԼՂՀ-ն, որպես Հայաստանի մաս և այն կմտնի ապագա Եվրասիական Միության կազմի մեջ որոշակի սուբյեկտի կարգավիճակով»,- նշեց նա:
Ըստ բանախոսի՝ չպետք է ոչ ասենք Մաքսային Միության, այլ հակառակը, «մենք պետք է ասենք, այո` բայց»:
Ա. Սարգսյանը նշեց, որ Եվրոպայի առաջարկած ասոցացման համաձայնագիրը բաղկացած է 800 էջից և այն անծանոթ է լայն շրջանակներին:
«Կան տաք գլուխներ, որոնց համար ամենակարևորն է հակադրվել Ռուսաստանի հետ, սակայն մի հատ ուսումնասիրեք, այդ Եվրոպան ձեզ ինչ է առաջարկում»,- ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահը:
Նա հավելեց, որ Մաքսային Միության անդամակցության վերաբերյալ պետք է անցկացնել տարբեր ֆորմատներով, տարբեր մասնագիտական խմբերի մասնակցությամբ լուրջ քննարկումներ, քանի որ խոսքը գնում է Հայաստանի առաջիկա ապագայի մասին:
Նշենք, որ Մաքսային Միությունը Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի առևտրա-տնտեսական ինտեգրացիոն միավորում է, որը ենթադրում է միասնական մաքսային տարածքի գոյություն և փոխադարձ առևտրական կապերի ժամանակ մաքսատուրքերի գանձումից հրաժարում:
ՌԴ-ի ԳԱԱ-ի գնահատականներով, Մաքսային Միության պոտենցիալի լիարժեք օգտագործումը հնարավորություն կտա մինչև 2015թ.-ը 15%-ով ավելացնել անդամ-երկրների ՀՆԱ-ն: