.jpg)
Մասնագետ. Վերջին 10 տարվա ընթացքում անպտղության ցուցանիշը կրճատվել է
Հայաստանում ներկայումս անպտուղ ամուսնությունները կազմում են ընդհանուր ամուսնությունների 16.8 տոկոսը, որի մեջ 5.4 %-ը առաջնային անպտողություն է, 11.4 տոկոսը` երկրորդային: Այս մասին Aysor.am-ին հաղորդեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Առաջնային անպտղություն նշանակում է, որ կնոջ մոտ ընդհանրապես հղիություն չի գրանցվել, երկրորդային անպտղության դեպքում՝ միայն վերջին երկու տարին: Եթե կնոջ մոտ հղիություն չի գրանցվում` համարվում է երկորդային անպտղություն: Այս դեպքում կինը տարբեր պատճառներով երեխա չի ունենում, դա կարող է պայմանավորված լինել կնոջ մոտ արգանդափողերի անանցանելիությամբ, արգանդի պարանոցի բոբոքումներ և այլն:
Տղամարդկանց անպտղությունը կազմում է 5 տոկոս, իսկ կանանց անպտղությունը 11 տոկոս:
Այս ցուցանիշը, ըստ Գայանե Ավագյանի, կրճատվել է վերջին 10 տարվա ընթացքում. այն ժամանակ 31.8 տոկոս էր առաջնային և երկրորդային անպտղության ընդհանուր ցուցանիշը. Տոկոսների նվազման գործում դեր է կատարել սեռավարակների կանխարգելումը, աբորտների կրճատումը և այլն:
Անպտղության ամբողջական պատկերը ստանալու համար Հայաստանում երեք անգամ իրականացվել է նպատակային ուսուամնասիրություն:
Հարցին, թե արդյոք պապիլոմա վիրուսի հետ կապված հետազոտություն անցկացվե՞լ է, Գայանե Ավագյանը պատասխանեց, որ չի անցկացվել, քանի որ պապիլոմա վիրուսի տարածվածության վերաբերյալ հետազոտությունը թանկ է և ծախսատար: Նշենք, որ պապիլոմա վիրուսի 40 տեսակ առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ:
ԱՆ ներկայացուցիչը, համեմատելով Հայաստանի անպտղության ցուցանիշները այլ երկրների հետ, փոխանցեց, որ Ռուսաստանում անպտղությունը կազմում է 18,5 տոկոս է, աֆրիկյան երկրներում ավելի բարձր է, եվրոպական երկրներում 13-15 տոկոս, Հայաստանը անպտղության 16.8 տոկոս ցուցանիշով միջին դիրք է գրավում: