.jpg)
Իրանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջին սոցհարցման տվյալները
Հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ մայրաքաղաք Թեհրանում «ՄԵՀՐ» լրատվական գործակալության կողմից անցկացված սոցհարցման համաձայն՝ հարցվածների 67 տոկոսը հստակ նշել է, որ մասնակցելու է ընտրություններին, 9%-չի մասնակցի, իսկ 11%-ը՝ դեռևս չի կողմնորոշվել:
«Եթե մասնակցեք ընտրություններին, ապա ու՞մ ձայն կտաք» հարցին, մասնակիցների 27.3%-ը նշել է Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, 5.2%-ը՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, 4.9%-ը՝ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի, 2.2%-ը՝ Մեջլիսի նախկին խոսնակ Հադդադ Ադելի, 2.2%-ը՝ ԻՀՊԿ նախկին հրամանատար Մոհսեն Ռեզայիի, 2.2%-ը՝ ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի (1997-2005թթ.) առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆի, 1.9%-ը՝ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանիի անունը: Հարցվածների 45.1% դեռ հստակ չի կողմնորոշվել, թե որ թեկնածուին է իր ձայնը տալու:
Քարոզարշավի ընթացքում հիմնական պայքարն ընթանում է պահպանողական (Վելայաթի, Ղալիբաֆ, Ջալիլի) և բարեփոխական (Ռոհանի, Արեֆ) ուժերը ներկայացնող թեկնածուների միջև: Կողմերից յուրաքանչյուրը քննադատում է հակադիր ուժին՝ շեշտելով վերջինիս կառավարման տարիներին տնտեսության, միջուկային ծրագրի, արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում արձանագրված բացթողումները: Իհարկե, նույն բարեփոխական և պահպանողական թեկնածուներն էլ իրենց հերթին պայքարում են միմյանց դեմ՝ այդ կերպ փորձելով իրենց տեղն ամրապնդել հետագա ընտրապայքարում:
Դատելով Իրանի ներքաղաքական դաշտի ներկայիս դասավորությունից և թեկնածուների հնարավորություններից՝ կարծում ենք, որ մինչև որոշակի ժամանակահատված պայքարը կընթանա պահանողականներ Վելայաթի-Ջալիլի-Ղալիբաֆ և բարեփոխականներ Ռոհանի-Արեֆ թեկնածուների միջև: Քարոզարշավի վերջում հնարավոր է, որ վերոնշյալ երկու ուժերը հանդես գան արդեն միասնական թեկնածուով: Չի բացառվում նաև երկրորդ փուլի տարբերակը, որտեղ ամենայն հավանականությամբ կպայքարեն մեկական բարեփոխական և պահպանողական գործիչ: