«Կարմիր զգեստով կնոջ» նկարը Թուրքիայում դարձել է բողոքի խորհրդանիշ
05/06/2013 18:25

«Կարմիր զգեստով կնոջ» նկարը Թուրքիայում դարձել է բողոքի խորհրդանիշ

Իր կարմիր, բամբակյա ամառային զգեստով, սպիտակ պայուսակը ուսին կինը, հնարավոր է, քայլում էր այգում: Նկարում երևում է, թե ինչպես է դիմակավորված ոստիկանը մոտ տարածությունից արցունքաբեր գազ փչում կնոջ վրա:



Daily mail-ի փոխանցմամբ՝ այս նկարը հայտնվել է համացացնում և սկսել լայնորեն տարածվել: Այն սկսել են պատկերել պաստառների վրա: Կարմիր զգեստով կինը կին ցուցարարների համար դարձավ Ստամբուլում վերջին օրերին ծավալված հակակառավարական պայքարի հիմնական մոտիվը:



Պեշիկթաշ հրապարակում ցուցարարներից մեկն ասել է, որ այս նկարը պատկերում է բողոքի էությունը. «Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն է ցուցաբերվել: Մարդիկ ուղղակի ցանկանում են պաշտպանել իրենց և ահա թե ինչի են արժանանում»:

Ստամբուլի փողոցներում և այլ տեղերում փակցված պաստառներում կինը պատկերված է առավել մեծ, քան ոստիկանը: «Որքան ավելի շատ մեզ ջրեք, այնքան մեծ կդառնանք»,- գրված է պաստառի տակ:

Նշենք, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Եվրախորհուրդը, ինչպես նաև` մարդու իրավունքների պաշտպաններն իրենց մտահոգությունն են հայտնել ցուցարարների նկատմամբ թուրքական ոստիկանության կիրառած բռնությունների համար: 

«Կարմիր զգեստով կնոջ» նկարը Թուրքիայում դարձել է բողոքի խորհրդանիշ