Ս. Խաչատրյանն առաջարկե՞լ է ՓՊ նախագահին ստանձնել որդու պաշտպանությունը
05/06/2013 13:42

Ս. Խաչատրյանն առաջարկե՞լ է ՓՊ նախագահին ստանձնել որդու պաշտպանությունը

Aysor.am-ի տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանը իր որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը իրականացնելու առաջարկ է արել Փաստաբանների Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին: 

Ռ. Սահակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում պատասխանել անձնականին վերաբերվող հարցերին: 

Նա հրաժարվեց ասել այս գործի հետ կապված որևէ բան, նշելով, որ եթե իրեն առաջարկ լինի, ինքը կմտածի: Հարցին` այսինքն առաջարկ չի՞ արվել, նա կրկնեց. «Ես իմ անձնականին վերաբերվող հարցերին չեմ պատասխանում»:

ՓՊ նախագահը նաև ասաց, որ նման առաջարկ ընդունելու դեպքում կտեղեկացնի հանրությանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 3-ին Զ. Նիկողոսյանին և Տ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 235 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրանք գտնվում են մեկուսարանում:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: Մերժվել են նրանց փաստաբանների կողմից ներկայացված գրավի միջնորդությունները:

Նախորդող հրապարակում` Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը

Սուրիկ Խաչատրյանի որդին մեկուսարանում է. Գրավի միջնորդությունը մերժվել է

Ս. Խաչատրյանն առաջարկե՞լ է ՓՊ նախագահին ստանձնել որդու պաշտպանությունը