.jpg)
Ալիևը ընտրություններից առաջ վերահսկողություն հաստատեց նաև ինտերնետում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի ստորագրել է Միլի մեջլիսի կողմից հավանության արժանացած՝ համացանցում զրպարտության և վիրավորանքի քրեականացման մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայությունը:
Օրենքը հնարավորություն է ընձեռում քրեական գործողություններ սկսել ակտիվիստների նկատմամբ և 3 տարվա ազատազրկման դատապարտել յուրաքանչյուրին, ում գրառումը կամ արտահայտած միտքը կհամարվի վիրավորական կամ զրպարտող:
ԶԼՄ-ները և իրավապաշտպան խմբերը դատապարտել են այդ քայլը: Ադրբեջանի «Լրագրողների ազատության և անվտանգության ինտիտուտը» հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ այս փոփոխությունները նախագահական ընտրությունների նախաշեմին, արդեն իսկ մանրակրկիտ վերահսկվող միջավայրում, մեծ հարված են ազատ արտահայտվելու գործընթացին:
Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն, ինչպես նաև՝ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ իրենց խորին մտահոգությունն էին հայտնել Ադրբեջանի խորհրդարանի որոշման կապակցությամբ և կոչ էին արել Իլհամ Ալիևին չստորագրել այդ օրինագիծը: