Հայաստանի երիտասարդական հավաքականի անհաջող մեկնարկը
06/06/2013 21:43

Հայաստանի երիտասարդական հավաքականի անհաջող մեկնարկը

Հայաստան-Իսլանդիա` 1:2 (0:1)
Հայաստան-Գոռ Մանուկյան, Վասպուրակ Մինասյան, Վարազդատ Հարոյան, Գրիգոր Հովհաննիսյան, Արման Հովհաննիսյան, Ղուկաս Պողոսյան (Աշոտ Սարդարյան, 64), Գագիկ Պողոսյան, Կարեն Մուրադյան, Դավիթ Հակոբյան (Սարգիս Ադամյան, 57), Աղվան Պապիկյան, Սարգիս Բալոյան (Վահագն Այվազյան, 77):
Իսլանդիա- Ալեքս Ռունար Ռունարսոն, Հջորտուր Հերմնսոն, Գաուտի Բրինջար Գուդյոնսոն, Սիգուրդուր Օրրի Օմարսոն, Բյորգվին Նորդուր Մագնուսոն, Գուդմունդուր Տորարինսոն (Էմիլ Պալսոն, 58), Ռաֆին Անդրի Յեոման, Ինգվի Առնոր Տրաուստասոն (Գուննար Տորստեինսոն, 72), Դաբի Ջոն Բոդվարսոն, Էմիլ Ատլասոն, Գաուտի Քրիստիան Էմիլսոն (Հոլմբերտ Էմիլսոն, 79):
Գոլերը` Էմիլ Ատլասոն, 43 (0:1), Աշոտ Սարդարյան, 67 (1:1), Էմիլ Ատլասոն, 89 (1:2):
Ք. Երևան, «Հրազդան» մարզադաշտ, 06 հունիսի 2013 թ.:
Զգուշացում` Վահագն Այվազյան (90+4):

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն այսօր Երևանի «Հրազդան» մարզադաշտում Իսլանդիայի հասակակիցների հետ խաղով մեկնարկեց Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլում: Մեկնարկը, սակայն, անհաջող ստացվեց. մեր թիմը պաշտպանությունում կոպիտ սխալների արդյունքում երկու գնդակ բաց թողեց և պարտվեց 1:2 հաշվով:

Նախ նշենք, որ խաղասկիզբն այնքան էլ հաջող չդասավորվեց դաշտի տերերի համար: Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում քանդել մրցակցի հոծ պաշտպանությունը և մինչև 40-րդ րոպեին ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ: Իսկ մեկնարկային 11 րոպեի ընթացքում հյուրերը երեք անգամ հայտնվեցին հարվածային դիրքերում, երեք դեպքում էլ` ճեղքելով մեր թիմի պաշտպանության ձախ թևը, որտեղ գործում էր Արման Հովհաննիսյանը, իսկ նրան պետք է փոխապահովեր Գրիգոր Հովհաննիսյանը: 16-րդ րոպեին Դաբի Ջոն Բոդվարսոնը մեն-մենակ մնաց Գոռ Մանուկյանի դեմ, սակայն չկարողացավ սանձել գնդակը և կորցրեց գոլ խփելու լավ հնարավորությունը:

40-րդ րոպեին Կարեն Մուրադյանի հեռահար հարվածից հետո մրցակցի դարպասապահը կարողացավ չեզոքացնել սպառնալիքը, իսկ արդեն մեկ րոպե անց Ռաֆին Անդրի Յեոմանը սուր անկյան տակ բավական վտանգավոր հարված կատարեց Հայաստանի հավաքականի դարպասին: 43-րդ րոպեին հյուրերը հասան հաջողության. Էմիլ Ատլասոնը որոշեց հեռվից ցածրից հարվածով գնդակն ուղարկել դարպասը, և այն հայտնվեց ցանցում:

Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները այդպես էլ չկարողացան գտնել դեպի մրցակցի դարպասը տանող ճանապարհը` առաջին հերթին առջևի գծում չապահովելով գործողությունների անհրաժեշտ արագություն: Նրանք նաև դանդաղ էին մտածում ու որոշումներ կայացնում, առանց գնդակի խաղ գրեթե չկար: Հետևաբար` փոխանցումների համար ազատ գոտիներ չէին ստեղծվում:

Երկրորդ կեսում հայ ֆուտբոլիստները փոքր-ինչ ակտիվացրեցին խաղն առջևում: 60-րդ րոպեին Գևորգ Պողոսյանի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ լքեց խաղադաշտի սահմանները: Դրանից 3 րոպե անց դաշտի տերերը հասան հաջողության: Տեխնիկապես գրագետ գործողությունների շնորհիվ Աղվան Պապիկյանն աջ եզրում ազատվեց երկու պաշտպանների վերահսկողությունից, ներխուժեց տուգանային հրապարակ և գնդակը հասցեագրեց ազատ դիրքում հայտնված Աշոտ Սարդարյանին: Վերջինս հանգիստ գնդակն ուղարկեց դարպասը` 1:1:

Բաց թողած գոլից հետո հյուրերն ակտիվացան, սակայն հոգեբանական առավելություն ստացած հայ ֆուտբոլիստները շարունակում էին մղվել առաջ: Հաղթելու մեծ ցանկությունը, ցավոք, հանգեցրեց նաև դիրքային կոպիտ սխալների, որոնցից մեկի դեպքում Էմիլ Ատլասոնը հանգիստ շրջանցեց դարպասապահին ու գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի անպաշտպան դարպասը` 1:2:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անհաջող մեկնարկը