Ադրբեջանական փողերը՝ գերմանացի պատգամավորների համար
06/06/2013 21:25

Ադրբեջանական փողերը՝ գերմանացի պատգամավորների համար

«Tagesspiegel» պարբերականը «Ադրբեջանական փողերը գերմանացի պատգամավորների համար» վերնագրով հոդված է տպագրել:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը որոշ կրճատումներով.

««Եվրատեսիլ» երգի մրցույթից հետո Ադրբեջանը դուրս էր մնացել եվրոպական հասարակության ուշադրությունից: Այդուհանդերձ, ադրբեջանցի պաշտոնյաները բեմի հետևում ջանքեր են գործադրում ազդելու եվրոպացի քաղաքական գործիչների վրա ՝ ի շահ իրենց երկրի, որը ղեկավարում է բռնապետ նախագահ Իլհամ Ալիևը: Տարիներ շարունակ ադրբեջանական կողմը քայլեր էր ձեռնարկում` ազդելու Եվրոպայի խորհրդի քաղաքականության վրա՝ ի շահ Ադրբեջանի. Գերմանիայում ևս վարչակազմը փորձում է քաղաքական գործիչներին իր կողմը գրավել:

Այսպես, Գերմանիայի քրիստոնեաժողովրդավարական միություն կուսակցության պատգամավոր Միխայել Ֆուկսն իր եկամուտների մասին հայտարարագրի՝ լրացուցիչ եկամուտներ բաժնում նշել էր, որ 2012 թ. Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունից 3 500 մինչև 7 000 եվրո հոնորար) ստացել՝ Բաքվի դիվանագիտական ակադեմիայում զեկույց կարդալու համար: Ֆուկսի խոսքով՝ այցի նպատակն է եղել զարգացնել և խթանել քաղաքական շփումները Գերմանիայի և Ադրբեջանի միջև: Գերմանական աղբյուրի տվյալներով՝ դեսպանությունը ոչ միայն այդ հոնորարն է վճարել, այլև փոխհատուցել է ուղեվարձը:

Պարբերականի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյաները եվրոպացի պատգամավորներին ջերմեռանդորեն իրենց երկիր են հրավիրում՝ հոգալով նրանց ծախսերը: «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպության՝ «Խավիարային դիվանագիտություն» խորագրով զեկույցի համաձայն Ադրբեջանը յուրաքանչյուր տարի Եվրոպայի խորհրդի 30-ից 40 պատգամավորի է հրավիրում իր երկիր և նվերներ շռայլում:

Գերմանացի մեկ այլ պատգամավոր Մարտին Լինդները Ադրբեջան այցելել էր ապրիլին, հանդիպել էր SOCAR-ի նախագահի, կառավարության անդամների հետ, ելույթ ունեցել Բաքվի Նավթագործների բարձրագույն դպրոցում: Ըստ պարբերականի տվյալների՝ «նա ցանկացել է տեղեկություն ստանալ «ադրբեջանական գազի մատակարարման հաշվին Գերմանիայի էներգաապահովման համակարգը դիվերսիֆիկացնելու հնարավորությունների մասին»: Սակայն ի տարբերություն իր գործընկերոջ, նա գնացել էր Գերմանիայի խորհրդարանի, ոչ թե հյուրընկալող կողմի ֆինանսավորման հաշվին:

Այդուհանդերձ, Ադրբեջանի իշխող վարչակարգը նրա այցը ևս օգտագործել է քաղաքական նպատակներով: Ադրբեջանական ԶԼՄ-ներն անընդհատ մեջբերել են Լինդների այն խոսքերը, թե «Ադրբեջանը ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր է, որը կարևորում է եվրոպական արժեքները»:

Քաղաքական գործիչը, հայտարարել է, որ ադրբեջանցի պաշտոնյաների հետ զրույցները ընթացել են փոխադարձ վստահության մթնոլորտում և առանց լրագրողների, սակայն չի հաստատել կամ հերքել ադրբեջանական մամուլի հիշատակումները: Նա ընդամենն ընդգծել է, որ դեմ է մարդու իրավունքների վիճակի մասին Ադրբեջանի հասցեին հնչող քննադատություններին»:
 

Ադրբեջանական փողերը՝ գերմանացի պատգամավորների համար