Լրագրող. Վրաստանում փոխվել է Ռուսաստանի հետ երկխոսության հռետորաբանությունը
06/06/2013 19:19

Լրագրող. Վրաստանում փոխվել է Ռուսաստանի հետ երկխոսության հռետորաբանությունը

«Անցած տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցավ յուրօրինակ «թավշյա հեղափոխություն», իսկ նախօրեին Վրաստանում առաջին անգամ կայացավ Անվտանգության խորհրդի նիստ, ինչը շատ կարևոր հանգամանք է: Վրաստանը փաստացի պատերազմական վիճակում է գտնվում և զարմանալի է, որ 7 ամիս այդպիսի նիստեր չէին գումարվում»,- այսօր «Կովկասի ինստիտուտում» Վրաստանի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ ասաց վրացի լրագրող, քաղաքական վերլուծաբան Միխայիլ Վիգնանսկին:

Նա նշեց, որ Վրաստանում փոխվել է Ռուսաստանի հետ երկխոսության հռետորաբանությունը և դա անհրաժեշտ է ֆիքսել. «ՆԱՏՕ-ին ինտեգրումը մնում է Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը, և Թբիլիսին ցանկանում է մինչև 2014 թ.-ը ստանալ ՆԱՏՕ-ին անդամագրվելու, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը»,- ասաց բանախոսը:

Վիգնանսկին ասաց, որ եվրոպական գործընկների համար բավականին բարդ է հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում Վրաստանի ներսում կապված նաև Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հետ դատավարությանը:

«Վրաստանը այժմ պետք է իր գործընկների ապացուցի, որ վրացական արդարադատությունը անկողմնակալ է՝ կապված Մերաբիշվիլիի գործի հետ»,- ասաց վրացի լրագրողը:

Անդրադառնալով ռուս-վրացական հարաբերություններին՝ Վիգնանսկին նշեց, որ հաջորդ շաբաթ կարևոր իրադարձություն է տեղի ունենալու այդ հարաբերություններում, քանի որ վրացական գինին Վերին Լարսով վերադառնալու է ռուսական շուկա:

«Տնտեսական հարաբերությունների կարգավորումը դրական ֆոն կստեղծի քաղաքական հարաբերությունների քննարկման և առկա հարցերը լուծելու համար»,- ասաց Մ. Վիգնանսկին:

Բանախոսը հավելեց, որ շատ կարևոր հանգամանք է ռուս-վրացական հարաբերություններում, որ վրացական օլիմպիական հավաքականը մասնակցելու է Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին, ինչի մասին հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: 

Լրագրող. Վրաստանում փոխվել է Ռուսաստանի հետ երկխոսության հռետորաբանությունը