Զինդատախազ. Մարզպետարանի քայլը «նախաքննության տվյալների հրապարակում չէ»
06/06/2013 17:02

Զինդատախազ. Մարզպետարանի քայլը «նախաքննության տվյալների հրապարակում չէ»

Սյունիքի մարզպետարանի կողմից Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի տեսագրության սղագրումն ու տարածումը նախաքննության տվյալների հրապարակում չէ, քանի որ մինչև տեսագրության առգրավումը այն գտնվել է Խաչատրյանի ընտանիքի անդամների տրամադրության տակ: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ասել է զինդատախազ Գևորգ Կոստանյանը:

«Դատավարական տեսակետից, քանի որ այդ տեսաձայնագրությունը մինչև նախաքննության մարմնի կողմից առգրավվելը, բնականաբար, եղել է մասնավոր անձանց, այս դեպքում Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների տրամադրության տակ, հետևապես մենք դա չենք կարող դիտել որպես նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների և տվյալների հրապարակում, և դատավարական տեսակետից ես դրան արձագանք չեմ կարող տալ»,- ասել  է Կոստանյանը` հավելելով. - «Բայց, այնուամենայնիվ, պետական մարմնի կողմից իր իրավասությանը չվերաբերող հարցերի կապակցությամբ տեղեկատվության հրապարակումը ես անընդունելի եմ համարում և ոչ կոռեկտ»:

Պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է առգրավվել տեսագրությունը, զինդատախազն ասել է, թե դեպքից ժամեր անց: Մյուս հարցին, թե այդ դեպքում մի քանի ժամում ինչպե՞ս են մարզպետարանի աշխատակիցները կարողացել դիտել տեսագրությունը և անգամ սղագրել այն, Կոստանյանը պատասխանել է, թե այդ մի քանի ժամվա ընթացքում նրանք կարող էին դիտել, անգամ պատճենահանել տեսագրությունը: Եթե մարզպետարանի աշխատակիցները կարող էին այդ մի քանի ժամում դիտել, անգամ պատճենահանել, ապա չէին կարո՞ղ նաև մոնտաժել տեսագրությունը. այս հարցադրմանն ի պատասխան` զինդատախազն ասել է, թե գործնականում դա բացառում է:

«Չեմ կարծում, որ այդքան կարճ ժամանակահատվածում որևէ մոնտաժման հնարավորություն լիներ, որովհետև ա. ժամանակն էր կարճ, բ. տեխնիկական հնարավորությունները, վստահ եմ, որ բացակայում են, որը հնարավորություն կտար նրանց մոնտաժելու», - ասել է Կոստանյանը:

Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ, Սյունիքի մարզպետարանի կողմից տեսագրության սղագրության տարածմանն անդրադառնալով, ասել է, թե չլիազորված մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումը փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ անթույլատրելի է: Հարցին, թե այդ դեպքում արդյոք դա պատժելի արա՞րք չէ, Տռուզյանը պատասխանել է. «Եթե խոսքը գնում է որևէ պետական մարմնի կողմից ոչ իր լիազորություններին, գործառույթներին վերաբերվող պաշտոնական հաղորդագրության տարածմանը, ապա դա արդեն դատախազության գործառույթներից դուրս է: Թերևս այդ հարցի մեկնաբանության և գնահատականի համար դուք պետք է դիմեք այլ պետական մարմնի: Չեմ կարող ասել, թե որ պետական մարմինը պետք է անդրադառնա այս հարցին` կառավարությունը՞, տարածքային կառավարման նախարարությունը՞, թե՞ որևէ այլ գերատեսչություն»: 

Զինդատախազ. Մարզպետարանի քայլը «նախաքննության տվյալների հրապարակում չէ»