.jpg)
Իրանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Սպիտակ տան հնչեցրած հայտարարությանը
Սիրիան Իրանի մարտիկների և զենքի կարիքը չունի: Այս մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳՆ՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ի պատասխան Սպիտակ տան խոսնակի այն հայտարարությանը, թե Սիրիայի Ալ-Ղուսեյր քաղաքն ազատագրվել է Իրանի և «Հեզբոլլահի» աջակցությամբ, մասնավորապես նշել է. «Ալ-Ղուսեյր քաղաքն ազատագրվել է Սիրիայի ժողովրդի և սիրիական բանակի ջանքերով: Սիրիան Իրանի մարտիկների և զենքի կարիքը չունի»:
Հիշեցնենք, որ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին նաօրեին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալեմի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ալ-Ղուսեյր քաղաքը զինված խմբավորումներից ազատագրելու առթիվ և հույս հայտնել, որ Ժնևում կայանալիք միջազգային խորհրդաժողովի նախօրեին անօրինական կերպով զենքի առաքման ճանապարհների փակմամբ՝ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար բարենպաստ գործընթաց կսկսվի:
Ավելի վաղ ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդին, անդրադառնալով այն պնդումներին, թե Իրանը Սիրիային զենք է մատակարարում, մասնավորապես պատասխանել է. «Սիրիան ուժեղ երկիր է, ամուր կանգնած՝ Իսրայելի դեմ: Սիրիայի բանակը զինելու կարիք չկա, քանի որ այն հզոր է և վերջերս մենք նկատեցինք, թե ինչպես սիրիական բանակը կարողացավ երկրի որոշ հատվածներ մաքրել ահաբեկիչներից»: