.jpg)
Սյունիքի մարզպետի պաշտոնակատարը Արա Դոլունցն է
Այսօր Սյունիքի մարզպետարանում Վաչե Տերտերյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին, աշխատակիցներին, Սյունիքի մարզի քաղաքապետերին ներկայացրեց Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցին, ով կստանձնի պաշտոնը մինչև նոր մարզպետի նշանակումը:
Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին Կառավարությունից:
Նշենք, որ մինչ այս Դոլունցը զբաղեցնում էր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը:
Կենսագրություն
Ծնվել է 1957թ. ապրիլի 5-ին, Գորիս քաղաքում, ծառայողի ընտանիքում։
1964թ. ընդունվել և 1974թ. ավարտել է Գորիսի թիվ 2 միջն. դպրոցը։
1974թ.-ին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներաշինարարական ֆակուլտետը և այն ավարտելուց հետո` 1979թ. աշխատանքի է անցել Գորիսի թիվ 21 ՇՄՇ-ում, սկզբում որպես շինվարպետ, այնուհետև` աշխղեկ ու աշխատել մինչև 1988թ.։
1988-1990թթ. աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջանային կոմիտեում` որպես կազմակերպական բաժնի հրահանգիչ։
1990թ. տեղափոխվել է աշխատանքի «Գորիսշին» շինմոնտաժային միավորում` որպես գլխավոր ինժեներ։
Նույն թվականին ընտրվել է Գորիսի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1991թ. փետրվարին ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1996թ. մայիսին` Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։
1997թ. հունվարին նշանակվել է Գորիսի քաղաքապետի տեղակալ, 1999թ. ապրիլ ամսից մինչև օգոստոսը` քաղաքապետի պաշտոնակատար։
1999թ. սեպտեմբերից աշխատանքի է անցել ՀՀ Սյունիքի մարզպետարանում, որպես ՏԻՄ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետ։
2001թ. հուլիսին «Համայնքային կապեր» ծրագրով վերապատրաստվել է ԱՄՆ Բոստոն քաղաքում։
2003թ. հունիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, ուր աշխատում է մինչև այժմ։
Պարգևատրվել է` «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, ԼՂՀ «Մայրական Երախտագիտություն» մեդալով:
ԼՂՀ Նախագահի հրամանագրով 2010 թվականին պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
ՀՀ Նախագահի 2010թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ տարածքային կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 1998 թվականից:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: