Հայաստանի հավաքականը հոծ պաշտպանության դեմ դեղատոմս չունի
07/06/2013 23:18

Հայաստանի հավաքականը հոծ պաշտպանության դեմ դեղատոմս չունի

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլ

Հայաստան-Մալթա 0:1 (0:1)
Հայաստան- Ռոման Բերեզովսկի, Տարոն Ոսկանյան, Ռոբերտ Արզումանյան, Կառլեն Մկրտչյան, Մարկոս Պիզելի, Կամո Հովհաննիսյան, Վալերի Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյան, Դավիթ Մանոյան (Արթուր Սարկիսով, 66), Էդգար Մանուչարյան (Յուրա Մովսիսյան, 46), Արաս Օզբիլիս:
Մալթա- Ջաստին Հեյբեր, Ջոնաթան Կարուանա, Գարետ Շիբերրաս (Պոլ Ֆենեկ, 57), Ռայան Քամիլյերի, Լյոկ Դիմեկ, Կլեյտոն Ֆայլլա, Ռոդերիկ Բրիֆֆա (Ռոուեն Մուսկատ, 85), Մայքլ Միֆսուդ (Տերենս Վելլա, 90+3), Էդվարդ Էրրերա, Անդրե Շեմբրի, Ալեքս Մուսկատ:
Գոլը` Միֆսուդ, 8 (0:1):
Ք. Երևան, 7 հունիսի 2013 թ., «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավար` Առնոլդ Հանտեր (Հյուսիսային Իռլանդիա):
Զգուշացումներ` Ռոդերիկ Բրիֆֆա (15), Ալեքս Մուսկատ (45+2), Լյուկ Դիմեկ (59), Ռայան Քամելյերի (83):

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալեց Մալթայի ընտրանուն և «Հանրապետական» մարզադաշտում կայացած այդ խաղում զիջեց 0:1 հաշվով: Մալթացիները, ի դեպ, մինչ այդ անցկացրել էին 5 հանդիպում և 5-ն էլ ավարտել էին պարտությամբ` գնդակների 1-14 հարաբերությամբ: Խմբի հետնապահը Երևանում իսկական անակնկալ մատուցեց` գործելով նվիրվածությամբ հատկապես պաշտպանությունում: Սա այդ թիմի համար պատմական հաղթանակ էր: Ոչ միայն այն առումով, որ հաղթեց արտագնա խաղում, ոչ միայն այն բանի համար, որ առաջին հաղթանակը տոնեց այս ընտրական փուլում, նաև ոչ այն բանի շնորհիվ, որ Հայաստանի հավաքականի հետ անցկացրած 5-րդ խաղում հաղթեց 1:0 հաշվով` նույն հաշվով պարտություն կրելով նախորդ 4-ում: Մալթայի ընտրանին նախորդ երկու` աշխարհի 2010 թ. և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում ոչ մի հաղթանակ չի տոնել` արձանագրելով մեկական ոչ-ոքի և 1 միավորով հանգրվանելով մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Պաշտոնական հանդիպումներում վերջին անգամ այդ թիմը հաղթել է 2006 թ. հոկտեմբերի 11-ին` սեփական հարկի տակ խաղում 2:1 հաշվով առավելության հասնելով Հունգարիայի ընտրանու նկատմամբ: Շատ ցավալի է, որ 6,5 տարի անց հենց մեր ընտրանու հետ խաղում մալթացիներն ընդհատեցին առանց հաղթանակների հանդիպումների շարքը:

Վերադառնալով այսօրվա խաղին` հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի հավաքականը ողջ հանդիպման ընթացքում տիրում էր խաղային ու տարածքային առավելությանը: Չնայած դրան, հյուրերի առաջին իսկ հակագրոհն ավարտվեց դարպասի գրավումով: 8-րդ րոպեին Մայքլ Միֆսուդը, խորքից ստանալով հաշվենկատ փոխանցում, արագությամբ պոկվեց պաշտպաններից և մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ: Նրա առաջին հարվածից հետո Ռոման Բերեզովսկին կարողացավ հետ մղել գնդակը, բայց այն կրկին հայտնվեց Միֆսուդի մոտ, և Մալթայի հավաքականի ավագը բացեց հանդիպման հաշիվը: Ի դեպ, մալթացիները աչքի ընկնելու ևս մեկ հնարավորություն ունեցան 20-րդ րոպեին, բայց, բարեբախտաբար, մոտ տարածությունից գլխով հարվածը չստացվեց:

Այնուհետև հայ ֆուտբոլիստներն անցան վճռական գործողությունների և պաշարեցին մրցակցի տուգանային հրապարակը: 28-րդ րոպեին Մարկոսի հեռահար «կրակոցից» հետո Մալթայի ընտրանո դարպասապահին դժվարությամբ հաջողվեց չեզոքացնել սպառնալիքը, իսկ 44-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանի գլխով հարվածից հետո գնդակը փոքր շեղությամբ լքեց խաղադաշտի սահմանները: Այդ դրվագից հետո տրիբունաներնբ սկսեցին վանկարկել` Յու-րա, Յու-րա: Ֆուտբոլասերներն այդ կերպ պահանջում էին խաղադաշտ մտցնել Յուրա Մովսիսյանին, ով հայտնվել էր պահեստայինների նստարանին:

Յուրա Մովսիսյանն ընդմիջումից հետո փոխարինեց Էդգար Մանուչարյանին, ով առաջին խաղակեսում մրցակցի հոծ պաշտպանությունում այդպես էլ չկարողացավ ազատ գոտի ստեղծել: Հարձակման գծում հզորությունն ավելացավ, և մեր ֆուտբոլիստներն աստիճանաբար մեծացնում էին ճնշումը մրցակցի դարպասի վրա: Շուտով խաղադաշտում հայտնվեց նաև Արթուր Սարկիսովը, ով մալթացիների հետ առաջին խաղում դարձել էր հաղթական գոլի հեղինակ: Սարկիսովը փոխարինման մտնելուց անմիջապես հետո կարող էր դառնալ հանդիպման հերոսը, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Հիշարժան էին նաև Արաս Օզբիլիսի հեռահար հարվածները:

Եվ չնայած ողջ երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը գրոհում էր, ոչ մի գոլ չկարողացավ խփել: Հարվածներ եղան մոտ և հեռու տարածություններից, նաև գլխով հարվածներ, սակայն ապարդյուն: Պարզ դարձավ, որ թիմը խիտ պաշտպանության դեմ դեղատոմս չունի: Դրանում մենք արդեն համոզվել էինք նույն մալթացիների հետ առաջին, ինչպես նաև բուլղարացիների հետ հանդիպումներում: Նշանակում է` դրանից հետո ոչինչ չի փոխվել, չի մշակվել ոչ մի խաղային կոմբինացիա, որն արդյունք կարող է ապահովել:

Այսպիսով` մեր ընտրանին ընթացիկ ընտրափուլում անցկացրած 5 խաղում պարտվել է 4-ում և տոնել 1 հաղթանակ: Ու հատկապես ցավալի է, որ զիջել է սեփական հարկի տակ անցկացրած բոլոր խաղերում:

Ավելացնենք, որ հանդիպման մեկնարկից առաջ տրիբունայում բարձրացվեց մի պաստառ` «Հավատում և վստահում ենք, Մինասյան» մակագրությամբ: Խաղից հետո ֆուտբոլասերները միայն գոչում էին` ամոթ, ամոթ: Ինչպես երևում է, հավատի ժամանակներն արդեն անցել են, և առանց արդյունքի հավատն ու վստահությունը չեն կարող ապրել:

Ինչևէ: Մեր թիմը ևս մեկ պաշտոնական հանդիպում կանցկացնի հունիսի 11-ին` հյուրընկալվելով Դանիայի հավաքականին: Առայժմ ավելացնենք, որ Հայաստանի ընտրանին 3 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում` իրենից հետ թողնելով միայն Մալթայի թիմին, որը նույնպես 3 միավոր ունի իր ակտիվում:

 

Հայաստանի հավաքականը հոծ պաշտպանության դեմ դեղատոմս չունի