.jpg)
ԿԲ-ն իրականացնում է չեզոք դրամավարկային քաղաքականություն
Aysor.am-ի թղթակցի հարցերին պատասխանում է Կենտրոնական բանկի դրամավարկային և հակաբյուջետային քաղաքականությունների վերլուծության բաժնի պետ Հասմիկ Ղահրամանյանը:
- Ինչպիսի՞ն է ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը
- Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Հաշվի են առնվում տնտեսության ներքին զարգացումները, արտաքին աշխարհի ազդեցությունները, գնաճային սպասումներ, տարբեր ռիսկեր: Առաջիկայի համար գնահատվում է գնաճային միջավայրը, ինչին ԿԲ-ն արձագանքում է ընթացիկ ժամանակահատվածում, քանի որ քաղաքականության ազդեցության համար որոշակի ժամանակահատված է
պահանջվում:
Մայիսի 14-ին ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ թողնելով այն 8%: Գնահատվել է, որ արտաքին միջավայրը գնանկումային է, ներքինը՝ թույլ գնաճային: Սակայն նախանշվեցին նաև ռիսկեր՝ կապված էներգակիրների սակագների, գյուղատնտեսության համար ոչ բարենպաստ պայմանների հետ կապված:
- Այսօր ԿԲ-ն կարո՞ղ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել
- Այսօրվա գնաճի ցուցանիշի համար մենք տոկոսադրույք չենք կարող փոխել: Որպեսզի ԿԲ-ն քաղաքականության կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ազդի ֆինանսական շուկայի վրա, այնուհետև տնտեսության իրական հատվածի,
համախառն պահանջարկի վրա, պահանջվում է առնվազն 6-9 ամիս:
Եթե տոկոսադրույքը փոխում ենք, դա անդրադառնում է միջբանկային շուկայում տոկոսադրույքի վրա, ազդում է ավանդների վրա, ֆինանսական շուկայի վրա: Չեզոք տոկոսադրույքի նկատմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը նշանակում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն, որը կարող է հանգեցնել վարկերի աճին, տնտեսական ակտիվության աճին, բայց միաժամանկ այդ ամենը կարող է հանգեցնել գների անկայունության:
Չեզոք տոկոսադրույքը պայմանավորված է պահանջարկի և առաջարկի շոկերով: Այս պահին երկարաժամկետ տոկոսադրույք 8 տոկոս է, չեզոք տոկոսադրույքը ևս 8 տոկոս է: Մեր տնտեսութան համար 8-ն է այն տոկոսադրույքը, որը և տնտեսական աճն է իր պոտենացիալին հասնում և գնային տատանումներ չեն լինում: Իսկ բիզնեսի համար գների կայունությունը խիստ կարևոր է:
Իսկ ընդհանրապես վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ խորհուրդը փոփոխում է 0.25 կամ 0.50 կետով, ճգնաժամի տարիներին 1 տոկոսային կետով նվազումներ եղել են:
- Կբացե՞ք «Չեզոք տոկոսադրույքի» փակագծերը:
- Չեզոք տոկոսադրույքը այն մակարդակն է, որի պարագայում գնաճային միջավայրը կայուն է և համախառն ներքին արդյունքը ձգտում է իր պոտենցիալ մակարդակին:
Չեզոք տոկոսադրույքի մակարդակն իր հերթին պայմանավորված է մի քանի գործոններով` բնակչության սպառման կամ խնայման հակվածությունը. ՀՀ-ում խնայման հակվածությունը ավելի ցածր է և ավանդների տոկոսադրույքները պետք է ավելի բարձր լինեն, որպեսզի ավանդների ծավալներն ավելանան: Բանկերն 8-10 և ավելի բարձր տոկոսադրույքով ավանդ են ներգրավում, ավելի ցածրի դեպքում գուցե չներգրավվեին:
Հետևաբար, եթե բանկն ավանդը բարձր տոկոսադրույքով է ներգարվում, վարկերի տոկոսադրույքը նույնպես բարձր մակարդակում է ձևավորվում: Մյուս կողմից էլ ՀՀ տնտեսությունում բարձր է կապիտալի եկամտաբերությունը. միավոր ներդրման եկամտաբերությունը միջինում ավելի բարձր է և տնտեսվարողները պատրաստ են ավելի բարձր տոկոսադրույքով վարկ վերցնել, քան զարգացած երկրներում: Սրանցով էլ պայմանավորված է երկրներում քաղաքականության տոկոսադրույքների մակարդակների տարբերությունները:
- 2011թ-ի սեպտեմբերից վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 8 տոկոս, նվազելով 0.25 տոկոսային կետով, իսկ 2012թ.-ին նվազեցում հնարավոր չէ՞ր:
- 2011թ-ին սահմանվեց 8 տոկոս, քանի որ չկային գնաճային ճնշումներ, նախանշվեց թույլ ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն, ինչն էլ ենթադրում էր տոկոսադրույքի հնարավոր նվազման ենթատեքստ:
Բայց 2012թ-ին սկզբին դրամն արժեզրկվեց դոլարի նկատմամբ, որն արդեն ենթադրում էր դրամավարկային պայմանների թուլացում և եթե դրամը չարժեզրկվեր` տոկոսադրույքը հավանական է, որ կնվազեցվեր, բայց դրամավարկային պայմանների ընդլայնումը եղավ դրամի արժեզրկման արդյունքում. արդեն իսկ այդ պայմանները թուլացան, ԿԲ-ն չգնաց տոկոսադրույքի նվազման:
- Վարկերի տոկոսների վրա ինչպե՞ս է ազդում վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
- Զուտ տեսականորեն տոկոսադրույքը նվազեցվում է, որպեսզի փողը էժանանա շուկայում ու առևտրային բանկերին վարկավորում իրականանցվի ավելի էժան գնով: Սակայն հնարավոր է այլ սցենար՝ բոլոր տոկոսադրույքները նվազում են, սակայն տնտեսվարողների կողմից վարկերի նկատմամբ բարձր պահանջարկի պայմաններում առևտրային բանկը ունենում է ավանդներ ներգրավելու խնդիր և և հնարավոր է բարձրացնի ներգրավվող ավանդների տոկոսադրույքը:
Ըստ ԿԲ վերլուծության՝ նախորդ եռամսյակում միջբանկային շուկայում վարկերի տոկոսադրույքները նվազել են: Դրան նպաստել որ 2 հիմնական գործոն. նախ այն, որ ԿԲ-ն առևտրային բանկերին տրամադրվող իրացվելիության, այսինքն՝ բանկերի հետ կնքվող ռեպո համաձայնագրերի ծավալներն էր ավելացրել:
Մյուս գործոնն էլ այսպես կոչված մշտական հնարավորության գործիքների տոկոսադրույքների միջակայքի նեղացումն էր:
Թե ինչպես ԿԲ-ի քաղաքականությունը կփոխանցվի ֆինանսական շուկային` մեծապես կախված է բանկերի մրցակցությունից:
Ավանդների տոկոսադրույքը միջին եռամսյակային կտրվածքով 0.53 տոկոսային կետով բարձրացել է և կազմել 11.7 տոկոս:
- Ինչպիսի՞ն է տարբեր երկրներում վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափը:
- Տարբեր երկրներում տոկոսադրուքները տարբեր են՝ օրինակ Եվրոգոտում այն կազմում է 0.5%, Բելոռուսում՝ 25%, ՌԴ-ում՝ 8.25%: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան է տնտեսությունում չեզոք տոկոսադրույքի մակարդակը և թե ինչպիսի՝
ընդլայնողական, զսպողական թե չեզոք քաղաքականություն է իրականացնում ԿԲ-ն:
- Հունիսից պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը կնվազի 8 տոկոսից 4 տոկոս. Ինչո՞ւ ԿԲ-ն նման որոշում կայացրեց:
- Դա կբերի ֆինանսական շուկայում լրացուցիչ 20 մլրդ դրամի իրացվելիության, հետևաբար առնվազն 20 մլրդ դրամ ծավալով վարկավորման հնարավորության, քանի որ եթե նախկինում առևտային բանկերում ներդրված դրամով ավանդներից ԿԲ-ում պահուստավորվում էր դրանց 8 տոկոսը, ապա հունիսից բանկերը կպահուստավորեն 4 տոկոսը: Այս միջոցառումը առևտրայիւն բանկերին վարկավորման լրացուցիչ հնարավորություններ կտա:
Խոսքը դրամով վարկերի մասին է, իսկ դոլարով վարկերի պահուստավորման տոկոսադրույքը 12 տոկոս է և չի փոխվել: Այս տարազանումն արվում է ապադոլարացման նպատակով:
- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ֆինանսական շուկայի դինամիկան:
- Ընդհանուր առմամբ ֆինանսական շուկայում դրական տեղաշարժերը շարունակական են, կա բավարար իրացվելիություն, վարկավորման աճը շարունակավում է, թեև փոքր-ինչ դանդաղ տեմպերով: Այստեղ դրականն այն է, որ վարկերի հաշվին ներդրումներն ուղղվում են առավել արտադրողական ճյուղեր: