.jpg)
Եվրոպան խստորեն քննադատում է Ադրբեջանին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խիստ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հունիսի 4-ին հաստատված օրենսդրական փոփոխությունները, որով քրեականացվում է համացանցում զրպարտությունն ու վիրավորանքը:
Մուժնիկսն ու Միյատովիչը, ովքեր բացահայտ կոչ են արել նախագահ Ալիևին չստորագրել այդ փոփոխությունները խորհրդարանի կողմից մայիսի 14-ին օրինագծի ընդունելուց հետո, ափսոսանք են հայտնում այս քայլի համար, որը հստակորեն հակասում է զրպարտության ապաքրեականացման և ընդհանրապես մամուլի ազատության հարցում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին և պարտականություններին:
Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ այս օրենքի սարսափելի ազդեցությունը կլինի այն, որ փոփոխությունները կքայքայեն երկրում արդեն իսկ սահմանափակված ազատ արտահայտման հնարավորությունը:
Նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս զրպարտության օրենսդրության բարեփոխման հարցում համագործակցում են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ, պաշտոնյաները Ադրբեջանի իշխանություններին խստորեն հորդորում են իրական ջանքեր գործադրել` ապահովելու, որ այս գործընթացի արդյունքում ընդունվելիք օրենսդրությունը լիովին համապատասխանի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորություններին:
Նշենք, որ Ադբեջանի կողմից համացանցում զրպարտության և վիրավորանքի քրեականացման օրենքի ընդունման կապակցությամբ քննադատական հայտարարությամբ են հանդես եկել նաև ԵՄ արտաքին հարաբերությունների հատուկ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Եվրամիության ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆլուլեն:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանում ազատ արտահայտման սահմանափակումներով:
«2013 թ-ն Ադրբեջանի համար ընտրական է: Երկիր, որըվ պարտավորվել է բարելավել միջավայրը դեմոկրատական ընտրություններ անցկացնելու համար: Ժողովրդավարական մրցակցության ստեղծման նախապայմաններից մեկն էլ ազատ արտահայտման իրավունքն է հանրային լրատվության բոլոր միջոցներով»:
Հատուկ ներկայացուցիչն ու հանձնակատարը Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ստեղծել բազմակարծիք քննարկումների հնարավորություն:
Նախորդող հրապարակում` Ալիևը ընտրություններից առաջ վերահսկողություն հաստատեց նաև ինտերնետում