.jpg)
Լիբանանը հակահարված կտա սիրիական հակամարտությունում ներքաշելու փորձերին
Լիբանանի բանակը պատրաստ է հակահարված տալ այն սադրանքներին, որոնք ուղղված են երկիրը սիրիական հակամարտությունում ներքաշելուն: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում կատարելով Լիբանանի բանակի հրամանատարության հայտարարությանը:
«Բանակի հրամատարությունը քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրանքներին, որոնք ուղղված են Լիբանանին «հետ գցելուն» և անհեթեթ պատերազմին ներքաշելուն»,- ասվում է կոմյունիկեում, որտեղ նշվում է, որ բանակը պատրաստ է «զինված պատասխան տալ ցանկացած գործողությունների»:
Նշենք, որ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալահը իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ խմբավորման զինյալները մասնակցում են սիրիական հակամարտությանը: Դրան ի պատասխան, Սիրիայի ազատ բանակի գերագույն ռազմական հրամանատար Սալիմ Իդրիսը սպառնացել էր, որ իր «մարդիկ» «Հեզբոլլահի» դեմ պատրաստ են կռվել հարևան Լիբանանում:
Սիրիայում արդեն երկու տարուց ավել շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում իրավիճակը լարվել է նաև հարևան Լիբանանում, որտեղ ընդհարումներ են սկսվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների (ալավիներ) և հակառակորդների միջև (սուննիներ): Հունիսի 6-ին Տրիպոլիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել էր մեկ մարդ, վիրավորվել յոթը: