Մինասյան. «Պարտության ողջ պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում»
07/06/2013 23:45

Մինասյան. «Պարտության ողջ պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մալթայի ընտրանու հետ խաղից հետո, որում մեր թիմը պարտվեց 0:1 հաշվով, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դժվարացավ մեկնաբանել խաղի ընթացքը կամ նշել պարտության պատճառները:

«Անկեղծ ասած` նման խաղին գնահատական տալը շատ դժվար է: Սեփական հարկի տակ պարտվել ենք Մալթայի թիմին, և ես չեմ կարող որևէ պատճառ նշել:

Տակտիկական նկատառումներից ելնելով` Մովսիսյանն ընդգրկված չէր հիմնական կազմում: Այս հանդիպումից առաջ ասել էի, որ որոշ ֆուտբոլիստներ ֆունկցիոնալ առումով վատ վիճակում են: Նախընտրեցինք հիմնական կազմում խաղադաշտ մտցնել Մարկոսին ու Մանուչարյանին` հաշվի առնելով, որ մրցակիցը փակ ֆուտբոլ է խաղում»,- ասաց Վարդան Մինասյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ կրկին հրաժարական տա, ինչպես նախորդ խաղից հետո, նշեց, որ երկրորդ անգամ հրաժարական տալն անլուրջ է:

«Եթե ես եմ մեղավորը, կարող են հեռացնել: Պարտության ողջ պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում»,- շեշտեց Վ. Մինասյանը:

Ընդամենը 4 օր հետո Հայաստանի ընտրանին արտագնա խաղում պետք է մրցակցի Դանիայի ընտրանու հետ: Արդյոք այսպիսի պարտությունից հետո հնարավո՞ր է սթափվել: Մինասյանը ասում է` կփորձենք: Այո, անունները ֆուտբոլ չեն խաղում, ինչպես արտահայտվեց նա: Ֆուտբոլում մանրուքներ նույնպես չկան, և ցանկացած թվացյալ չնչին գործոն կարող է վճռորոշ դեր խաղալ: Մարզիչն հատկապես ընդգծում է, որ Մովսիսյանն ու Մարկոսն իրենց ակումբներում շատ հանդիպումներ չեն անցկացրել: Սակայն նույն Մարկոսը Մալթայի ընտրանու հետ խաղում բավական մեծ ծավալի աշխատանք կատարեց, աչքի ընկավ հեռահար հարվածներով, իսկ Յուրա Մովսիսյանը, մտնելով փոխարինման, ավելացրեց հզորությունը հարձակման գծում…

Բացի այդ, Վարդան Մինասյանն ինքնուրույն է որոշում կազմը և պատասխանատու է արդյունքի համար: Այս խաղից հետո չէ նա հասկացել, որ ֆուտբոլում մանրուքներ չկան, որ ոմանք իրենց թիմերում խաղային մեծ փորձ չունեն: Ուրեմն` կարող էր ավելի ճիշտ որոշում կայացնել…

Մինասյան. «Պարտության ողջ պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում»