Համայնքներն անասնաբույժներ չունեն` «ելնելով տնտեսական հարաբերություններից»
11/06/2013 19:52

Համայնքներն անասնաբույժներ չունեն` «ելնելով տնտեսական հարաբերություններից»

Մի քանի տարի առաջ որոշվեց բարեփոխել անասնաբուժության համակարգը: Մեծ թվով անասնաբույժներ աշխատանքից ազատվեցին` տարբեր պատճառներով: Նրանց առաջարկվեց պայմանգրային հիմունքներով աշխատանք` անընդունելի աշխատավարձով. Ներկայումս աշխատում են 650 պայմանագրային անասնաբույժներ, ովքեր չեն ենթարկվում համայնքների և որոնց աշխատավարձը գոյանում է միայն պետպատվերի շրջանակներում վակցինացիոն աշխատանքների դեպքում: Համայնքները փաստացի անասնաբույժներ չունեն, այլ գործառույթներ անասնաբույժները չունեն:

Ի՞նչ շահեց գյուղանախարարությունը՝ փոփոխելով անասնաբուժական համակարգը. Aysor.am-ի հարցին ՀՀ գյուղանխարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ քննարկվում է անասնաբուժության խնդիրը և հնարավոր է անասնաբույժները կրկին հանձնեն համայքներին. Այսինքն՝ վերադարձ դեպի հին համակարգին:

Իսկ համակարգային փոփոխությունները, ըստ նրա, տեղի ունեցան «տնտեսական հարաբերություններից ելնելով», սակայն պարզվում է, որ այդ «տնտեսական հարաբերությունների» ներքո բարեփոխումները չդիմացան ժամանակի քննությանը և այժմ մտածում են հետ վերադառնալու մասին:

Նշենք, որ 2012 թ.-ի համայնքային անասնաբուժներ չունենալու, ոլորտը ոչ ամբողջովին տիրապետելու պատճառով Գեղարքունիքի մարզում բռնկվեց սիբիրախտ հիվանդությունը, կային նաև որոշ հիվանդությունների բռնկումներ` բրուցելոզ, դաբաղ: Ներկայումս պաստերիոզ հիվանդության դեպքեր են արձանագրվել Շիրակի մարզում:

 

Համայնքներն անասնաբույժներ չունեն` «ելնելով տնտեսական հարաբերություններից»