Ա. Գևորգյանը հանձնարարել է աջակցել մարզերում խախտումները բացահայտող խմբերին
11/06/2013 20:00

Ա. Գևորգյանը հանձնարարել է աջակցել մարզերում խախտումները բացահայտող խմբերին

Մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը տեղեկություններ է ներկայացրել հունիսի 5-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկված տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերի մասին: ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նիստում ընդունված որոշումների հետ կապված անելիքների մասով:  

Քննարկվել են նաև հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի վերահսկողությանն առնչվող հարցեր: Կարևորվել է գործընթացի նկատմամբ վերահսկողության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառումը:

Փոխվարչապետը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերին, որոնք ուսումնասիրություններ են իրականացնում մարզերում` ծրագրերի նպատակային իրականացման, գործող մեխանիզմների արդյունավետության հետ կապված խնդիրները պարզելու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բաշխման գործընթացի վերահսկողության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ մարզպետներն առաջարկություններ կներկայացնեն կառավարությանը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև մարզերի կրթական հաստատություններում ուսումնական տարվա ավարտի և գալիք ուսումնական տարվա նախապատրաստման հետ կապված վարչական աշխատանքների կազմակերպման հարցեր: Քննարկվել են նաև ընթացիկ մի շարք այլ խնդիրներ:
 

Ա. Գևորգյանը հանձնարարել է աջակցել մարզերում խախտումները բացահայտող խմբերին