.jpg)
Ամասիայում գյուղացիները բողոքում են. Կաթի մթերման գինը նվազել է 10 դրամով
Այսօր Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի մի քանի գյուղացիներ բողոքի ցույց են արել կաթի մթերման գների նվազման կապակցությամբ: Գյուղացիներն անգամ փորձ են արել փակել Ամասիա-Գյումրի ճանապարհը:
Aysor.am-ը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին զրուցեց Ամասիայի Ձորակերտ գյուղի գյուղապետ Հովհաննես Սուքիասյանի հետ:
-Պարոն Սուքիասյան, կպատմեք ի՞նչ է այսօր տեղի ունեցել Ամասիայում:
-Դե այնպես չէ, որ մարդիկ փակել են ճանապարհը, բայց բողոք կա ու տեղին բողոք:
-Տեղեկություն ունենք, որ կաթի մթերման գներն իջեցվել են 10 դրամով, այսինքն՝ նախկին 150 դրամի փոխարեն գյուղացուց կաթն այսուհետ գնելու են 140 դրամով: Կասեք ի՞նչ է նշանակում գյուղացու համար այդ 10 դրամի կորուստը:
-Եթե մթերող ընկերության համար այդ 10 դրամն ընդամենը 10 դրամ է, ապա գյուղացու համար դա լուրջ գումար է: Մարդիկ ախր վարկ են փակում: Հիմա ինքներդ հաշվեք, քանի անասուն ունի գյուղացին, քանի լիտր կաթ է ստանում ու բազմապատկեք դա 10 դրամով, տեսեք ինչքան գումար է կորցնում գյուղացին:
-Պարոն Սուքիասյան, ընթերցողի համար կմանրամասնեք, որն է ձեր տարածաշրջանի գյուղերի հիմնական զբաղմունքը: Գյուղերում մարդիկ ինչպե՞ս են գումար վաստակում:
-Ասեմ, հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Հենց մենակ դրանով են մարդիկ կարողանում երկու կոպեկ գումար վաստակել: Դե հիմնականում խոշոր եղջերավոր անասուններ են պահում: Մթերման գնի այս նվազումն էական ազդեցություն կունենա մարդկանց սոցիալական վիճակի վրա:
-Իսկ ի՞նչ կասեք կաթնատվության ծավալների մասին: Վերջին տարիներին կա՞ աճի միտում:
-Այո, վերջին տարիներին կաթնատվության ծավալը մեր գյուղերում զգալիորեն աճում է: Բայց ցավն էլ հենց այդ է, որ մարդկանց անասուններն ավելի շատ կաթ են տալիս, բայց նրանց վաստակը գնալով միայն պակասում է: Հենց դրանից է, որ գյուղացիներն ուղղակի հիասթափվում են: Այդքան անասունին պահում են, կաթը ստանում ու տեղը ոչ մի բան: Հետո էլ վերցրած վարկերը չեն կարում փակեն:
-Պարոն Սուքիասյան, արտագաղթի մասով ի՞նչ կասեք: Օրինակ հենց ձեր գյուղի օրինակով` շա՞տ են մեկնողները:
-Սենց ասեմ` գյուղիս 70 տոկոսը դրսում է, մեկնել է արտագնա աշխատանքի, որ տուն պահի: Գյուղում տղամարդ գրեթե չկա` բոլորը դրսում աշխատում են:
-Իսկ լինու՞մ է, որ ամբողջ ընտանիքով մեկնեն:
-Նման միտում դեռ քիչ կա: Մարդիկ միջոց էլ չունեն, որ ամբողջ ընտանիքին տանեն դուրս: Կանայք մնում են այստեղ, որ իրենք էլ ինչ-որ կերպ աշխատեն ու վերցրած վարկերը փակեն:
Հիշեցնենք, որ Ամասիայի տարածաշրջանում մի շարք գյուղերից կաթ մթերող ընկերության աշխատակիցներն այսօր գյուղացիներին ասել են, որ այսուհետ նախկին 150 դրամի փոխարեն կաթը մթերելու են 140 դրամով: